Մակրոնը «փողոցային բառապաշար» է օգտագործել, ասել է Ալիեւը - Mediamax.am

Փետրվար 28, 2026
5764 դիտում

Մակրոնը «փողոցային բառապաշար» է օգտագործել, ասել է Ալիեւը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Էմանյուել Մակրոնի ոչ տեղին եւ սադրիչ հայտարարություններից հետո» Փարիզն այլեւս չի կարող որպես միջնորդ մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Պրահայի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը վիրավորական, անընդունելի, կեղծ եւ սադրիչ հայտարարություններ արեց։ Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ հրահրելու մեջ՝ շահարկելով փաստերը եւ փորձելով մոլորության մեջ գցել ֆրանսիական եւ համաշխարհային հանրությանը»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում։

 

Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահը նաեւ կանխակալ հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, ասելով, որ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»։

 

«Արդյո՞ք քաղաքականապես կոռեկտ է մեծ երկրի նախագահի համար փողոցային բառապաշար օգտագործելը: Դա թող որոշի ֆրանսիական հասարակությունը: Մենք կտրականապես դատապարտում եւ մերժում ենք նման հայտարարությունները»,- հավելել է Ալիեւը։

 

«Չնայած Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների հետ, Ադրբեջանը, դրսեւորելով բարի կամք, թույլ էր տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել Պրահայի հանդիպմանը»,- ավելացրել է Ալիեւը։




Մեր ընտրանին