Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «Հայաստանը մեր մոտ ընկերն է ու ռազմավարական դաշնակիցը»։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը շնորհավորել վաղը նշվող Անկախության օրվա առթիվ։ Այս տարի միանգամից երկու նշանակալից տարեդարձ ունենք՝ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
Ռուսաստանը եւ Հայաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսություն են վարում։ Միայն այս տարի ես երեք անգամ հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, մեր վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր։ Նոյեմբերին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարեկան գագաթնաժողովը»,- ասել է Պուտինը՝ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
















