Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ:
«Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։
Երկկողմ ներուժի ձեւավորման համար վճռորոշ նշանակություն ունեն Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարությունների միջեւ վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ խնդիրները, այլեւ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ:
Վճռական ենք շարունակել օգնել Երեւանին պաշտպանունակության, սահմանային անվտանգության ամրապնդման եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ: ՌԴ խաղաղապահ զորախումբը մնում է Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոնը:
Մեզ համար իսկապես թանկ է մեր բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ եւ վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների եւ ժողովուրդների բարգավաճման»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: