Երեւան։ Մեդիամաքս։ Հայկական կողմը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցի ընթացքում:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Միրզոյանը եւ Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։
















