Երեւան։ Մեդիամաքս։ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, մայիսի 11-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մարկ Ռուտեն, մասնավորապես, ասել է.
«Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի: Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ եւ պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի եւ շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, եւ բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը եւ իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ»:
Նա նաեւ ասել է.
«Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, եւ այդ պատճառով էլ այդքան կարեւոր է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարեւորությունը եւ Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք»:
















