Անդրեյ Սուշենցով. «Ո՞ր կողմում էր Հայաստանը 2020 թվականի պատերազմում» - Mediamax.am

7458 դիտում

Անդրեյ Սուշենցով. «Ո՞ր կողմում էր Հայաստանը 2020 թվականի պատերազմում»


Լուսանկարը` https://valdaiclub.com/


Երեւան: Մեդիամաքս: ՄՀՄՊԻ (МГИМО) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Անդրեյ Սուշենցովը կասկածում է, որ Հայաստանը լիարժեք մասնակցել է 2020 թվականի պատերազմին։

«Ռոսսուտրուդնիչեստվո»-ի երեւանյան գրասենյակն այսօր տարածել է ապրիլի 6-ին Ռուս-Հայկական համալսարանում (ՌՀՀ) Անդրեյ Սուշենցովի ելույթի եւ հարցերին պատասխանների սղագրությունը։

 

Ըստ սղագրության՝ պատասխանելով ՀՌՀ պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ Անդրեյ Սուշենցովն ասել է.

 

«Շնորհակալություն ուղիղ հարցի համար։ Ես սպասում էի նման հարցերի։ Եթե թույլ տաք, ես էլ ուղիղ հարց տամ. «Ո՞ր կողմում էր Հայաստանը այդ ճգնաժամի ժամանակ։ Բուն Հայաստանում մոբիլիզացիա եղե՞լ է։ Հայկական զինված ուժերը մտե՞լ են այս ճգնաժամի մեջ։ Արդյոք Հայաստանից կայի՞ն կամավորների ալիքներ, որոնք համարժեք էին 90-ականների սկզբի ալիքներին։

 

Մենք Ռուսաստանում հետեւում էինք, թե ինչ էր կատարվում, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն այդ նոյեմբերին ավելի շատ է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հարցերով, քան որեւէ այլ հարցով։ Նախ՝  հեռախոսազրույցներում, եւ երկրորդ՝ ռազմական միջամտություն դրսևորելու վճռականությամբ։ Նայեք այս ամբողջ ընթացքում Կասպից ծովում եւ Ադրբեջանի հետ սահմանին ռուսական զորավարժությունների քարտեզին։

 

Մոսկվայում շատերի մոտ հարց առաջացավ. «Սա ի՞նչ սահմանափակ պատերազմ է։ Եթե սա իսկապես Հայրենական պատերազմ է Հայաստանի համար, ապա ո՞ր կողմում է Հայաստանը։ Ներողություն եմ խնդրում անկեղծության համար, հասկանում եմ, որ հակամարտության պայմաններում, որտեղ մի քանի հազար երիտասարդ է զոհվել, սա մեծ տրավմա է երկրի համար, եւ դա գցել է երկիրը ճգնաժամի մեջ, բայց մենք պետք է մեզ հաշիվ տանք: Ի՞նչն է խաղատախտակին: Որո՞նք են մեր շահերը: Ի՞նչ ռեսուրսներ ենք մենք պատրաստ պաշտպանել: Եվ ձեր հարցում ես տեսնում եմ այն հարցի արձագանքը, որն ինձ տալիս են շատերը՝ հնարավո՞ր է արդյոք, որ մեկ ուրիշը, գերադասելիորեն ավելի ազդեցիկը, մեր փոխարեն լուծի մեր խնդիրը։

 

Արդյո՞ք Ռուսաստանը պետք է լուծի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հարցը: Ո՞ր կողմը (ի դեպ, հարց է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար) Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի եւ Հայաստանի կողմից Ռուսաստանին դիմելու դեպքում (դաշնակցային պարտավորություններ, ՀԱՊԿ, թե երկկողմ ռազմական դաշինք) մենք կպաշտպանե՞նք՝ հաշվի առնելով, որ սահմանը սահմանազատված չէ:

Հիմա պարզ չէ, թե որ գյուղն ումն է, պայմանավորվածություն չկա։ Եվ սա շատ երկիմաստ իրավիճակ է ստեղծում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե Հայաստանը լիարժեք մասնակցեր այս ճգնաժամին, եւ եթե ստեղծվեր վտանգ հայկական պետականության համար, Ռուսաստանը ոչ մի դեպքում մի կողմ չէր քաշվի։

 

Այն, որ ռուս դեսանտայինները մի քանի ժամվա ընթացքում հայտնվեցին Ղարաբաղում, նշանակում է, որ նրանք պատրաստ էին, նրանք Ուլյանովսկում սպասում էին թռիչքին։ Ֆրանսիայի, Գերմանիայի կամ որևէ այլ երկրի դեսանտայինները պատրա՞ստ էին նման բանի: Ֆրանսիացիները պատրա՞ստ են անմիջապես թռչելու եւ պաշտպանելու հայերին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին