Փաշինյանի եւ Բլինքենի զրույցը՝ Երեւանի եւ Վաշինգտոնի մատուցմամբ - Mediamax.am

Փետրվար 22, 2026
4702 դիտում

Փաշինյանի եւ Բլինքենի զրույցը՝ Երեւանի եւ Վաշինգտոնի մատուցմամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրույցի մասին հաղորդագրություններ են տարածել ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունները, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

ՀՀ կառավարության մամուլի ծառայություն.

 

«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին եւ կարեւորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար  եւ ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է եւ մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:   

 

Նիկոլ Փաշինյանը եւ Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին եւ լարվածության աճին:

 

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:  

 

ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության շուրջ:  

 

Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»:

 

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայություն.

 

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարեւորությունը եւ ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագային: Նշելով հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ սրման մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծումներ գտնելու համար:

 

Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը, այլ գործընկերների հետ միասին, շարունակելու Մոսկվային եւ նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության կանչել Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար»։




Մեր ընտրանին