Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը հայտնել է, որ հեռախոսազրույցում նրանք «քննարկել են տարածաշրջանային հարցեր, ներառյալ Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերը՝ հարաբերությունների կարգավորման համար»:
Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինան: «Նրանք ընդգծել են իրենց հավատարմությունը շարունակական դիվանագիտությանը եւ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ», - ասել է Էմիլի Հորնը:
Հեռախոսազրույցը կայացել է Թուրքիայի նախագահի՝ Ուկրաինա կատարելիք այցի նախօրեին:
Մեդիամաքսը նշում է, որ Ջեյք Սալիվանը եւ Իբրահիմ Քալընը հայ-թուրքական հարաբերությունների թեման արծարծել էին նաեւ ս.թ. հունվարի 10-ին կայացած հեռախոսազրույցում:
Հեռախոսազրույցի մասին ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ ասված էր, որ Սալիվանը եւ Քալընը «կարեւորել են Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները»:
Իսկ թուրքական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ պաշտոնյաները «քննարկել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ներդրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մշտական խաղաղության հաստատման գործում»:
















