«Ֆրանսիայի շահերից է օգնել Հայաստանին դուրս գալ մեկուսացումից» - Mediamax.am

3632 դիտում

«Ֆրանսիայի շահերից է օգնել Հայաստանին դուրս գալ մեկուսացումից»


Ժերոմ Լամբերը
Ժերոմ Լամբերը

Լուսանկարը` harentelibre.fr


Երեւան: Մեդիամաքս: ԵԽԽՎ պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Ժերոմ Լամբերի համոզմամբ, «անդրսահմանային տնտեսական համագործակցության խթանումն ու աջակցությունը այսուհետ պետք է դառնան Հարավային Կովկասում ֆրանսիական քաղաքականության գերակայությունը:

«Գրեթե երեք տասնամյակ մեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է եղել: Նրա, ինչպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առջեւ, խնդիր էր դրվել ապահովել Ադրբեջանի կարեւորագույն տարածաշրջանի  Ղարաբաղի Հայաստանի կողմից ռազմական օկուպացիայի խաղաղ կարգավորումը: Խմբի դիվանագիտական ձախողումը երկու հարեւանների միջեւ պատերազմի հիմքում ընկած գործոններից մեկն էր, որն անցյալ տարի ավարտվեց Ադրբեջանի վերահսկողության վերականգնմամբ: Սակայն կայուն խաղաղություն դեռ չի հաստատվել, եւ այժմ Ֆրանսիան հնարավորություն ունի դրսեւորել իրեն», - գրում է Ժերոմ Լամբերը La Croix թերթում հրապարակված հոդվածում:

 

«Վտանգի տակ է ոչ միայն Հարավային Կովկասի ապագան, այլեւ Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը՝ որպես միջնորդի: Մեր տարածքում լավ կազմակերպված հայկական սփյուռքի լոբբիի արդյունավետությունը գուցե թուլացրել է մեր երկրի ՝ որպես անկողմնակալ միջնորդի դերը կատարելու կարողությունը: Այժմ Ֆրանսիան պետք է փորձի փոխել իր մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ: Հայաստանին ցուցաբերած անսասան աջակցության արդյունքում Ֆրանսիան որոշակի ազդեցություն է ձեռք բերել Երեւանում եւ այժմ պետք է օգտագործի հենց այդ լծակը: Ֆրանսիացիները հարեւանների հետ հակամարտության երկար եւ դառը փորձ ունեն, սակայն նրանք նաեւ հասկանում են, որ տնտեսական համագործակցությունը եւ ընդհանուր բարգավաճումը կարող են օգնել հաղթահարել պատմության ամենաողբերգական դրվագները: Անդրսահմանային տնտեսական համագործակցության խթանումն ու աջակցությունը այսուհետ պետք է դառնան Հարավային Կովկասում ֆրանսիական քաղաքականության գերակայությունը», - գրում է պատգամավորը, որը վերջին տարիներին աչքի է ընկել ադրբեջանամետ կեցվածքով:

 

Նա նշում է, որ «բացի Ֆրանսիայի դիվանագիտական հեղինակության կարեւոր հարցից, կա նաեւ ֆրանսիական ուղղակի տնտեսական շահերի խնդիրը»:

 

«Այսօր Ֆրանսիայի շահերից է բխում օգնել Հայաստանին դուրս գալ մեկուսացումից: Տարածաշրջանի ներուժի բացման բանալին Երեւանում է, իսկ Երեւանը հաշվի է առնում Փարիզի կարծիքը: Ժամանակն է այնպես անել, որ նրա ձայնը լսելի դառնա քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական խողովակներով», - ամփոփում է Ժերոմ Լամբերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին