Միյատովիչը քննադատել է Ալիեւին՝ «Ռազմավարների զբոսայգու» համար - Mediamax.am

2186 դիտում

Միյատովիչը քննադատել է Ալիեւին՝ «Ռազմավարների զբոսայգու» համար


Լուսանկարը` https://www.ecpmf.eu/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր հրապարակել է ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր ուղղված նամակը: Նամակում հանձնակատարը հորդորել է «առավելագույն զգուշություն ցուցաբերել՝ չհավերժացնելու եւ չբազմապատկելու՝ Լեռնային Ղարաբաղում եւ դրա սահմաններից դուրս, պատերազմից տուժած համայնքների միջեւ առանց այդ էլ առկա, խորը արմատներ ունեցող դժգոհությունները»։

Այս համատեքստում հանձնակատարը մտահոգություն է հայտնել Բաքվում վերջերս բացված «Ռազմավարների զբոսայգու» վերաբերյալ, որտեղ ցուցադրվում են պատերազմի ժամանակ որպես ավար վերցված հայկական ռազմական տեխնիկան եւ ներառում է զոհված եւ մահացող հայ զինվորներին պատկերող մոմե մանեկեններ:

 

«Նման տեսարանները անհանգստացնող եւ նվաստացուցիչ եմ համարում։ Այս տեսակի ցուցադրությունները կարող են ավելի սրել եւ ուժեղացնել երկարամյա թշնամական տրամադրություններն ու ատելության խոսքը, բազմապատկել եւ խթանել անհանդուրժողականության դրսեւորումները», - գրել է ԵԽ հանձնակատարը։

 

Նա Ադրբեջանի նախագահին կոչ է արել վճռական դիրքորոշում ցուցաբերել ցանկացած հռետորաբանության կամ գործողության նկատմամբ, որը հանգեցնում է թշնամանքի կամ ատելության հրահրմանը, փոխարենը ապահովել իր եւ քաղաքական լիակատար աջակցությունը՝ հակամարտության արդյունքում տուժած բնակչության միջեւ խաղաղության եւ հաշտեցման խթանմանն ուղղված ջանքերին:

 

Հանձնակատարը նամակը եզրափակում է՝ հաստատելով իր պատրաստակամությունը առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնելու Ադրբեջան, պայմանով, որ, իր մանդատին համապատասխան, հնարավորություն է ունենալու մուտք գործել մարդու իրավունքների կարեւորության բոլոր վայրերը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին