Փաշինյանը շնորհավորել է Բայդենին՝ հիշատակելով Արցախի խնդիրը - Mediamax.am

2182 դիտում

Փաշինյանը շնորհավորել է Բայդենին՝ հիշատակելով Արցախի խնդիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:

 

Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջեւ առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ:

 

Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաեւ ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջեւ։

 

Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի եւ Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների:

 

Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու:

 

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման եւ խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին