Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «եթե Թուրքիան չխառնվեր պատերազմին, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի»:
Այս մասին Հայաստանի նախագահն ասել է բելգիական La Libre Belgique պարբերականին տված հարցազրույցում՝ նշելով, որ Թուրքիան ամենուր անկայունություն է ստեղծում:
«Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից եւ Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաեւ Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից: Մյուս խաղաթուղթը փախստականներն են ու ահաբեկիչները»,- ասել է Հայաստանի նախագահը:
Խոսելով Ռուսաստանի դերի մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ երկիրը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
«Ռուսաստանը, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաեւ հասկանում է, որ Թուրքիան իր դերն ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը եւ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել»:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելուն, ըստ նախագահի, դրա համար կա միայն մեկ բացատրություն. «Հայաստանը դեռեւս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: