Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ռուսաստանի համապատասխան կառույցների ռազմական փորձագետները Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների առկայության հարցը պահում են ամբողջական հսկողության տակ:
«Դա մեզ անհնագստացնում է, մենք այդ մասին խոսել ենք, այդ թվում՝ հրապարակայնորեն: Կարող եմ վստահեցնել, որ ոչ հրապարակային աշխատանքը տարվում է շատ ակտիվ, քանի որ դա մեզ համար լուրջ խնդիր է», - շեշտել է Զախարովան:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ իմաստ ունեն Ռուսաստանի կոչերն այն պետություններին, որոնք օգնում են ահաբեկիչներին հասնել այնտեղ, Մարիա Զախարովան ասել է.
«Ռուսական դիվանագիտությունն իր հույսը դնում է այն գործիքակազմի վրա, որին տիրապետում է, եւ դրանք պարզապես հույսեր ու երազանքներ չեն, այլ կոնկրետ աշխատանք: Այն միայն երկրորդ հերթին է բաղկացած հանրային հայտարարություններից, իսկ առաջին հերթին՝ գործողություններից: Այդ աշխատանքում ներգրավված են ռուսական ռազմական փորձագետները: Այդ աշխատանքը, ինչպես հասկանում եք, իր վրա լրացուցիչ ուշադրություն գրավելու կարիք չունի: Հասարակությունը պետք է համոզված լինի, որ աշխատանք է տարվում եւ մենք հրաշալի պատկերացնում ենք հնարավոր հետեւանքները, հաշվարկում ենք դրանք»:
Մարիա Զախարովան նաեւ ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում «արյունահեղության դադարեցման ուղղությամբ»:
«Ինչպես նախկինում՝ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով: Հերթական հանդիպումը նախատեսված է վաղը՝ Վաշինգտոնում»,- ասել է Մարիա Զախարովան:
Անդրադառնալով պաշտոնական Անկարայի հայտարարությանը, թե «Մինսկի խումբը փաստացի մահացել է, քանի որ որեւէ իրական նախաձեռնություն չի դրսեւորել հակամարտության կարգավորման համար», Մարիա Զախարովան ասել է.
«Կարծում եմ՝ պետք է հիմնվել այլ մարտավարության վրա՝ ելնելով այդ հարցում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումից, որը հայտնի է բոլորին եւ ոչ միայն չի փոխվել, այլեւ ամրապնդվել է կոնկրետ քայլերով: Մենք հենց այսօր հայտարարեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հերթական քայլի մասին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: