Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Այցի ընթացքում նախատեսվում են Արմեն Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
«Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի եւ դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի եւ եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: