Երեւան: Մեդիամաքս: Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը «շատ հստակ» ասել է իր թուրք գործընկերոջը, որ Թուրքիան եւ այլ պետությունները չպետք է միջամտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ըստ Reuters-ի, Շամպանը, որը հոկտեմբերի 11-ին մեկնելու է Եվրոպա՝ ԼՂ ճգնաժամը դաշնակիցների հետ քննարկելու համար, ասել է, որ Մեվլութ Չավուշօղլուին կոչ է արել օգնել նպաստել իրավիճակի հանդարտեցմանը եւ խրախուսել իր դաշնակից Ադրբեջանին մասնակցել խաղաղ բանակցություններին:
«Ասելիքս շատ հստակ էր՝ Թուրքիան եւ այլ պետությունները պետք է դուրս լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Մենք վճռական քննարկում ունեցանք, որի ընթացքում ես նրան վճռականորեն ներկայացրեցի Կանադայի դիրքորոշումը», - ասել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Անկարան դատապարտել էր Կանադայի իշխանությունների որոշումը՝ պաշտպանական տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցենզիաները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգտագործման պատճառով սառեցնելու վերաբերյալ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Կանադային մեղադրել էր «երկակի ստանդարտների եւ ադրբեջանական հողերի 30 տարի շարունակվող հայկական օկուպացիայի փաստի անտեսման համար»:
«Կանադայի իշխանությունները պետք է դուրս գան հակաթուրքական շրջանակների ազդեցությունից եւ չաշխատեն նեղ քաղաքական նպատակներով»,- ասվում էր հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: