Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը անիմաստ է համարում բանակցություններում առաջընթաց ակնկալելը, «երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից ՝ իբր ձգտում է խաղաղության»:
«Հայատյացության եւ ռազմատենչ հռետորաբանության պայմաններում անհնար է ակնկալել, որ մենք կարող ենք իրական առաջընթաց ունենալ բանակցություններում», - ասել է նախարարը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:
Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը «ունեն բավարար ուժեր եւ ռեսուրսներ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար»: «Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը եւս մեկ անգամ հաստատեց դա», - ասել է նա:
«Հայաստանի համար կան հատուկ եւ կարեւոր առաջնահերթություններ: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարեւորագույն գերակայություն է: Եվ մենք պատրաստ ենք աշխատել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ ՝ բանաձեւեր սահմանելու համար, որոնք մեզ թույլ կտան համադրել եւ չափել հնարավոր փոխզիջման սահմանները», - ասել է նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: