Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում - Mediamax.am

2078 դիտում

Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

«Քննարկման ընթացքում հայկական կողմը կարեւորել է զինադադարի ամրապնդման եւ լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման եւ ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ հետեւողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

 

Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:

 

Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարեւորեց կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները։

 

Կողմերը նախանշեցին այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան եւ մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը», - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին