Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ այսօր շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:
«Մեր երկրների միջեւ օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության եւ փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաեւ մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային եւ հումանիտար համագործակցության զարգացմանը՝ ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում»,- ասված է Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում:
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական փոխգործակցության հետեւողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից»:
«Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսեւորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության ընթացքում»,- ասված է Դմիտրի Մեդվեդեւին հղված ուղերձում:
















