Լեյլա Աբդուլաեւա vs. Արթուր Վանեցյան - Mediamax.am

12595 դիտում

Լեյլա Աբդուլաեւա vs. Արթուր Վանեցյան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաշեւան հայտարարել է, որ Բաքուն ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում կբարձրացնի Հայաստանի կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածքները» բնակեցնելու հարցը:

Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը:

 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 27-ին այցելել էին Արցախի եւ Ադրբեջան սահմանի հարավային հատվածը: Արթուր Վանեցյանը ծանոթացել էր հայրենադարձության ծրագրին, որը իրականացվում է Հադրութի հարավային շրջանում՝ Արաքս գետի հովտում:

 

«Սրանով մենք հստակ ուղերձ ենք հղում հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին այն մասին, որ մենք ոչ մի թիզ հող չենք զիջելու: Ընդհակառակը, մեր հայրենակիցները պետք է ապրեն մեր տարածքներում»,- նշել էր Վանեցյանը:

 

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ հանդես գալ վճռական հայտարարությամբ՝ նման քայլերի սկզբունքային դատապարտման մասին»,- ասել է Լեյլա Աբդուլաեւան «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը:

 

Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանի հայտարարությունը «անթաքույց հարձակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բազմամյա բանակցային գործընթացի հանդեպ»: «Այն հակասում է բանակցությունների էությանը եւ տրամաբանությանը, մասնավորապես՝ Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքների լույսի ներքո», - հավելել է ԱԳՆ խոսնակը:

 

«Ըստ էության, ակնհայտ փորձ է արվում տապալել բանակցային գործընթացը եւ մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին