Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը կարող է մեծապես նպաստել Հայաստանի ինստիտուտների զարգացմանը:
«CEPA-ն, ըստ էության, հանդիսանում է մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագիրը եւ կարող է դառնալ մեր բարեփոխման օրակարգի հիմնաքարերից մեկը»,- ասել է վարչապետը` գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ կատարած այցի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ի եւ նրա անդամ-պետությունների հետ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի ժողովրդավարական Հայաստանի համար:
«Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ իր հերթին, Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում ունենալ կայուն, ժողովրդավարական գործընկեր` ի դեմս տնտեսապես զարգացող եւ առաջադեմ Հայաստանի, որի հետ ունի ընդհանուր եվրոպական արժեքներ»,- հավելել է կառավարության ղեկավարը:




















