Մինսկը կոշտ պատասխան է տվել Փաշինյանին - Mediamax.am

8471 դիտում

Մինսկը կոշտ պատասխան է տվել Փաշինյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մինսկում այսօր մեկնաբանել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը բացատրություններ է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վերջիններիս արած հայտարարությունների առնչությամբ:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն այսօր ասել է.

 

«Ըստ երեւույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Բայց միջպետական հարաբերություններում կան արարողակարգի եւ էտիկետի բավական հստակ նորմեր:

 

Երեւի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»:

 

Նոյեմբերի 16-ի երեկոյան ՀՀ կառավարության ղեկավարը լրագրողների խնդրանքով մեկնաբանել էր այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման թեման քննարկել էր Ադրբեջանի դեսպանի հետ:

 

«Զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն նման քայլ թույլ տալ: Դա նույնը կլիներ, եթե ես ՀԱՊԿ փակ նիստում եղած քննարկման մասին պատմեի ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որեւէ երկրի դեսպանին:

 

Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք: Քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, եւ մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպել է», - ասել էր կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին