Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ողջունել է միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը եւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ մոտեցումների համընկնումը:
Այս մասին վարչապետը նշել է Երեւանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
«Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք եւ նոր որակ հաղորդել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը կարեւորել է տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, եւ ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է:
«Մենք միշտ եղբայր ազգեր ենք եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն»,- ասել է Նիկոս Կոցիասը:
Հույն նախարարը եւս ընդգծել է, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, եւ անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել գործարարների համար եւ ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: