Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել են Հայաստանի Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իրենց համատեղ կարծիքը:
«Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուշադիր հետեւել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Օրենսգրքի առաջարկված տարբերակը համապատասխանում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ նախկինում արտահայտած կարծիքներին եւ զեկույցներին ու նախանշում է, որ իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար առանցքային մարտահրավեր է բոլոր շահագրգիռ կողմերի քաղաքական կամքի ամբողջական եւ արդյունավետ իրագործումը՝ օրենքի ոգուն եւ տառին համահունչ:
Բարեփոխման համար նախատեսված ժամկետները, ցավոք, շատ կարճ են: Ընտրական համակարգի կայունություն ապահովելն առանցքային խնդիր է, բայց հավասարապես կարեւոր է ունենալ բավականաչափ ժամանակ՝ ամբողջական, ներառական եւ հանրային քննարկումներ անցկացնելու համար, որպեսզի հնարավոր լինի ապահովել ընտրական օրենսգրքի գլխավոր փոփոխությունների նկատմամբ վստահությունը»,- ասված է համատեղ կարծիքում:
Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի տարբերակի վերաբերյալ որոշ մտահոգություններ, մասնավորապես՝ ընտրողների ցուցակների ճշգրտության հանդեպ վստահության ամրապնդմանն ուղղված ոչ բավարար միջոցները, քաղաքացիների կողմից ընտրություններին հետեւելու սահմանափակումները:
«Օրենսգրքի ներկայացված տարբերակը չի անդրադառնում նաեւ մի շարք առաջնահերթ առաջարկությունների, որոնք վերաբերում էին բողոքների եւ բողոքարկումների ընթացակարգերի արդյունավետությանը, քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությանը, պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման բացառմանը եւ ընտրությունների լուսաբանման գործում լրատվամիջոցների դերի հստակությանը»,- նշված է համատեղ կարծիքում:
Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հորդորել են ՀՀ իշխանություններին բարելավել ընտրական օրենսգիրքը եւ այն մոտեցնել ԵԱՀԿ պարտավորություններին ու միջազգային չափանիշներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: