Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երեւանում խոսել է Հայաստանից արտագաղթի, ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավոր ռիսկերի մասին:
Հանդես գալով «Սփյուռքի ներգրավման նորարարական ռազմավարությունը եւ մոտեցումները՝ երեխաներին առնչվող բարեփոխումների ոլորտում» համաժողովի բացմանը՝ Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին՝ նվազեցնելու եւ վերացնելու միգրացիոն հոսքերը:
«Հայաստանը միգրանտների երկիր է: Հայկական սփյուռքը շատ ակտիվ է եւ բավական հզոր լոբբի է շատ երկրներում: Հայկական սփյուռքը նաեւ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների աղբյուր է, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ աշխարհի միջեւ մշակութային կամուրջ: Սփյուռքը նաեւ նյութական աջակցության հնարավորություն է, մասնավորապես՝ դրամական փոխանցումների տեսքով: Բայց անկեղծ լինենք, այդ փոխանցումները քաղցրացնում են իրավիճակը: Նրանք, ովքեր արտասահմանում են, շատ ավելի մեծ օգուտ կարող են տալ, եթե մնան իրենց երկրներում»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն, լինելով Հայաստանում ամենախոշոր դոնորը, ցանկանում է օգնել ՀՀ իշխանություններին ՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի հայերը մնան Հայաստանում:
«Մենք ցանկանում ենք օգնել երիտասարդ հայերին՝ ստանալու համապատասխան որակավորում: Մեր ծրագրերի միջոցով մենք ցանկանում ենք ստեղծել նոր աշխատատեղեր եւ հնարավորություններ, որպեսզի հայերը, մասնավորապես՝ երիտասարդները, իրենց ապագան կապեն Հայաստանի հետ: Այս հողը չափազանց գեղեցիկ է, որպեսզի թույլ տաք երիտասարդ տաղադներին գնալ եւ ապագա փնտրել այլուր»,- նշել է Պյոտր Սվիտալսկին:
Նա նկատել է, որ այսօր ԵՄ-ն փորձում է լուծել Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա միգրանտների հոսքերի խնդիրը, եւ դա, որոշ իմաստով, առնչվում է ԵՄ այլ հարեւաններին, այդ թվում՝ Հայաստանին:
«Հայաստանի հետ ԵՄ երկխոսության շրջանակում վիզաների դյուրացումից մենք պետք է անցում կատարենք մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացման: Այս մասին հեշտ չէ խոսել: Թեեւ Հայաստանի դեպքում խոսք չի գնում եվրոպական հասարակություններում հայ միգրանտների կլանման մասին: Հայերը լավագույններն են ինտեգրման տեսանկյունից: Նրանք շատ հարթ ինտեգրվում են արտասահմանում, բայց միեւնույն ժամանակ պահպանում իրենց ինքնությունը եւ մշակույթը:
Հետեւաբար, խնդիրը Եվրոպայում հայ միգրանտների հոսքերի կլանման մասին չէ: Խնդիրն այն է, թե այս երկրի (Հայաստանի – խմբ. Մեդիամաքս) հետ ի՞նչ կլինի, եթե ԵՄ-ն ազատականացնի վիզայի ռեժիմը եւ բացի սահմանները Հայաստանի համար: Սա է պետք հասկանալ»,- ընդգծել է դեսպանը:
Նա հավելել է, որ ԵՄ-ում ցանկանում են բաց սահմաններ ունենալ Հայաստանի հետ, սակայն, նախեւառաջ, ցանկանում են համագործակցել ՀՀ իշխանությունների հետ՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, որպեսզի «մարդիկ չհիասթափվեն, եւ միայն աշխատանք գտնելու համար չլքեն Հայաստանը եւ մեկնեն այլ երկրներ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: