Երեւան: Մեդիամաքս: «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության իններորդ տարելիցի օրը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին արագ եւ թափանցիկ դատավարություն ապահովել՝ բացահայտելու Դինքի սպանության իրական պատվիրատուներին:
Այս մասին ասված է ԵԱՀԿ տարածած հայտարարությունում:
«Լիահույս ենք, որ դատական գործի շրջանակում վերջին զարգացումները կօգնեն վեր հանել եւ պատասխանատվության կանչել սպանության իրական պատվիրատուներին»,- ասել է Դունյա Միյատովիչը՝ վկայակոչելով 2015թ. դեկտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազության որոշումը, որով գլխավոր դատախազը միջնորդել է հետաքննության մեջ ներգրավվելու 25 պաշտոնատար անձանց, որոնց մասնագիտական հնարավոր անփութության հետեւանքով տեղի է ունեցել Դինքի սպանությունը:
«Ես վստահ եմ, որ դատավարությունն ի վերջո արդարություն կբերի Դինքի ընտանիքի, ընկերների եւ գործընկերների համար: Սպանության իրական պատվիրատուներին բացահայտելը ցույց կտա ամբողջ հանրությանը մամուլի եւ արտահայտման ազատության կարեւորությունը եւ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարելու շարունակական անհրաժեշտությունը»,- եզրափակել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ թերթի խմբագրության շենքի դիմաց: 2011թ. սպանությունն իրականացրած Օգյուն Սամաստը դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: Նրա հանցակից ընկեր Յասին Հայալը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ Սամաստին զենք եւ գումար տրամադրելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: