ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների համար տրամադրում է 30 մլն եվրո - Mediamax.am

7428 դիտում

ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների համար տրամադրում է 30 մլն եվրո


Յոհանես Հանը
Յոհանես Հանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում իրականացվող բարեփոխումների խթանման նպատակով Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 30 մլն եվրո աջակցության նոր փաթեթ, որն ուղղվելու է մասնագիտական զբաղվածության, ֆինանսների կառավարման եւ ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը:

Հայտարարելով աջակցության նոր փաթեթի մեկնարկի մասին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհանես Հանն ասել է.

 

«Աջակցության այս նոր փաթեթը մեր արեւելյան գործընկերներին թույլ կտա իրականացնել վճռորոշ  բարեփոխումներ: Այս լուրը բարի է հատկապես Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ հենց նրանք են լինելու նշյալ բարեփոխումների անմիջական կրողները՝ թե հանրային ծառայությունների բարելավման, եւ թե աշխատատեղերի հնարավորությունների ավելացման արդյունքում»:

 

«Մասնագիտական որակավորումների բարելավում  աշխատատեղերի բարելավման նպատակով» ծրագիրը, որի բյուջեն 15 մլն եվրո է, միտված է Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետության բարձրացմանն ու աշխատուժի զբաղվածության ապահովմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով զբաղվածության ապահովմանը գյուղատնտեսության ոլորտում: 

 

Հայաստանում «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների» ծրագիրը, որի բյուջեն 10 մլն եվրո է, միտված է Հայաստանում պետական ծախսերի նկատմամբ  հաշվետվողականության, թափանցիկության եւ արդյունավետության ներդաշնակեցմանը միջազգային չափանիշներին եւ փորձին: Այն կնպաստի նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը:

 

«Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրը, որի բյուջեն 5 մլն եվրո է, կնպաստի  քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը՝ թույլ տալով նրանց ապահովել ակտիվ ու ավելի արդյունավետ մասնակցություն ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին