Բրյուսելում «ապշած» են Շուլց-Դավութօղլու զրույցի արտահոսքից - Mediamax.am

Փետրվար 24, 2026
exclusive
7507 դիտում

Բրյուսելում «ապշած» են Շուլց-Դավութօղլու զրույցի արտահոսքից


Մարտին Շուլցը
Մարտին Շուլցը

Լուսանկարը` http://www.dushi.ca


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում միանգամայն համընկնում է Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 15-ին ընդունված բանաձեւի հետ:

 

Այս մասին Մեդիամաքսի թղթակցին ասել է Եվրախորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Արմին Մախմերը:

 

Այսօր թուրքական Today’s Zaman օրաթերթը, վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում իր անանուն աղբյուրին, տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «լիովին հասկանում է պաշտոնական Անկարայի արձագանքը ընդունված բանաձեւին»:    

 

 

«Եվրախորհրդարանի նախագահն ապշած է այն փաստի առնչությամբ, որ վարչապետ Դավութօղլուն մեջբերում է կատարել այն հեռախոսազանգից, որը նախապես պայմանավորված էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը չէին հաջողացրել հանդիպել Մարտին Շուլցի՝ Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակում: Հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են լայն շրջանակի հարցեր: Վարչապետ Դավութօղլուն բարձրացրել է Եվրախորհրարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված  բանաձեւի հարցը: Մարտին Շուլցի դիրքորոշումը, ինչպես միշտ համընկնում է Եվրախորհրդարանի բանաձեւի հետ»,- Մեդիամաքսին ասել է Եվրախորհրդարանի նախագահի մամուլի խոսնակը:     

 

Հիշեցնենք, որ ընդունված բանաձեւով Եվրախորհրդարանը վերահաստատում է 1987թ. իր ընդունած բանաձեւը, ըստ որի` 1915-1917 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր «ցեղասպանություն»՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

 




Մեր ընտրանին