Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել - Mediamax.am

8729 դիտում

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել


Լուսանկարը` www.meydan.tv


Եվրոպական խորհրդարանն այսօր բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

 

«100-րդ տարելիցի նախաշեմին խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության եւ համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, եւ կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը»,- ասված է բանաձեւում:

 

Փաստաթղթում նշված է, որ Եվրախորհրդարանը վերահաստատում է 1987թ. իր ընդունած բանաձեւը, ըստ որի` 1915-1917 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր «ցեղասպանություն»՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

Բանաձեւում հարգանքի տուրք է մատուցվում բոլոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ոճրագործությունների անմեղ զոհերին` առաջարկելով սահմանել Ցեղասպանության հիշատակի միջազգային օր:

 

Եվրախորհրդարանի բանաձեւում նաեւ ողջունվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ցավակցական հայտարարությունները, որոնցով ճանաչվում են օսմանյան հայերի դեմ իրականացված վայրագությունները:

 

Միաժամանակ` բանաձեւը խրախուսում է Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարեւոր հնարավորություն՝ շարունակելու իր ջանքերը, այդ թվում` արխիվների բացումը, իր անցյալի հետ հաշտեցումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը ճանապարհ կհարթի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ անկեղծ հարաբերությունների կարգավորմանը:

 

Բանաձեւում նաեւ կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային բարելավվել իրենց հարաբերությունները առանց նախապայմանների՝ վավերացնելով եւ իրականացնելով երկկողմ արձանագրությունները եւ բացելով սահմանները:

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է բանաձեւի ընդունումը:

 

«Բանաձեւը կարեւոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհ հարթելու հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

 

Այս բանաձեւի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը եւս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը եւ համամարդկային արժեքներին», - ասված է ՀՀ արտգործնախարարի հայտարարությունում:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում ուշադրություն դարձնել Եվրախորհրդարանում տեղի ունեցած քվեարկության վրա: Նրա խոսքով՝ «Անկարան վստահ է 100 տարի առաջ տեղի ունեցածի մեջ, եւ բոլորը պետք է գիտակցեն, որ անհնար է, որ Թուրքիան ընդունի նման հանցագործության կատարման մեղքը»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. մարտի 12-ին Եվրախորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2013թ. իր տարեկան զեկույցը, որտեղ կոչ էր պարունակվում Եվրամիությանն անդամ բոլոր պետություններին եւ ԵՄ ինստիտուտներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին