Ադրբեջանը սպառնում է դուրս գալ Եվրանեսթից - Mediamax.am

exclusive
3443 դիտում

Ադրբեջանը սպառնում է դուրս գալ Եվրանեսթից


Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը

Լուսանկարը` http://sautier.photoshelter.com


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը կարող է դադարեցնել իր հետագա մասնակցությունը «Արեւելյան գործընկերության» անդամ-երկրների Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնի է դարձել Եվրոպական Խորհրդարանի իր աղբյուրներից, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը «Ինչու՞ պետք է Ադրբեջանը մնա Եվրանեսթի կազմում» վերտառությամբ նամակ է ուղղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ Եվրանեսթի Բյուրոյի անդամներին:

 

«Փաստում եմ, որ Եվրանեսթը ձախողված եւ չհաջողված նախաձեռնություն է: Այն քննարկումների նոր միջազգային ֆորում ստեղծելու փորձ էր, որն այժմ ճահճացել է անվճռականությամբ եւ երկակի ստանդարտներով: Թե՛ Եվրախորհրդարանի եւ թե՛ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային եւ Ուկրաինային հուզող ամենակարեւոր հարցերին համատեղ լուծումներ գտնելու փոխարեն, այն պարզապես քննարկում է նվազագույն կարեւորություն ունեցող եւ անորոշ բնույթի հիմնահարցեր, որոնք հետեւանք չեն կարող ունենալ որեւէ որոշման կամ հայտարարության վրա»,- ասված է ադրբեջանական պատվիրակության ղեկավարի նամակում:

 

Էլխան Սուլեյմանովը մեղադրել է Եվրախորհրդարանին երկակի ստանդարտների  կիրառման մեջ եւ քննադատել կառույցին «հակաադրբեջանական» բանաձեւերի ընդունման համար:

 

«Եվրախորհրդարանը կհամագործակցե՞ր մի գործընկերոջ հետ, որը մի կողմից հրապարակում է փաստաթղթեր, որոնք նպաստում են օրենքի գերակայությանը, մյուս կողմից ակտիվորեն փորձում է միջամտել իր գործընկեր երկրի դատական գործընթացներին: Կարծում եմ՝ ոչ»,- նշել է ադրբեջանցի խորհրդարանականը:

 

Էլխան Սուլեյմանովը նամակում չի շրջանցել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ մեղադրել եվրոպական կողմին հայկական կողմի նկատմամբ դրսեւորված «կողմնապահության» մեջ:

 

«Չհիշատակելով եւ չանդրադառնալով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ նույնիսկ ԵԽ-ի բազմաթիվ բանաձեւերի խախտումներին, Եվրանեսթը ակնհայտորեն կողմնապահություն է անում հայ ագրեսորների նկատմամբ: Բացի այդ, Հայաստանը դեռեւս Եվրանեսթի ակտիվ անդամ է, չնայած այն փաստին, որ նա վերջերս ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը, մի որոշում, որով անվավեր է ճանաչվում նրա համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մինչդեռ ԵՄ-ի կողմից որեւէ հայտարարություն դեռ չի հնչել այդ կապակցությամբ: Մենք ի՞նչ պետք է եզրակացնենք այս ամենից: Նշանակություն չունի, ինչ էլ որ լինի, Հայաստանը կպարգեւատրվի, մինչ Ադրբեջանը վիրավորված է, նրա շահերն անտեսված են, նրա օրենքի գերակայությունը շարունակաբար հարձակումների է ենթարկվում մի հաստատության կողմից, որը համագործակցության եւ բարեկամության կոչ է անում:

 

Այդ պատճառով էլ հարցնում եմ Ձեզ. ինչո՞ւ պետք է Ադրբեջանը մնա Եվրանեսթի կազմում: Կարո՞ղ ենք մենք ակնկալել իրական հավասար վերաբերմունք: Ես ցանկանում եմ ստանալ ձեր պատասխանը»,- ասված է ադրբեջանական պատվիրակության ղեկավարի նամակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին