Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորիս կյանքի վրա:
2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։
«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու:
Այս անգամ զրուցել ենք 18-ամյա Ավետ Ջանջուղազյանի հետ՝ Լոռու մարզի Յաղդան համայնքից։
«Ցանկանում եմ դասավանդել դպրոցում»
Ավետ Ջանջուղազյանը Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող է։
«Ավարտելով ուսումս՝ ցանկանում եմ դասավանդել դպրոցում», - ասում է Ավետը՝ բացատրելով.
«Այսօր մեր պատմությունը հաճախ է խեղաթյուրվում: Մասնագիտական ընտրությունս պայմանավորված է այս իրավիճակի վրա ինչ-որ կերպ ազդելու ցանկությամբ։ Ուզում եմ հետագայում աշակերտներին փոխանցել իրական պատմությունը, կիսվել փաստերով, որոնք եղել են»:
Պատմությունից բացի, երիտասարդին շատ է հետաքրքրում նաեւ աշխարհագրությունը: Արդեն որոշել է՝ մագիստրոսական կրթությունը շարունակելու է հենց այս ուղղությամբ.
«Աշխարհագրությունը միշտ սիրել եմ եւ ցավով նկատել, որ այս առարկան մեզ մոտ շատ մակերեսային է դասավանդվում: Աշխարհագրության կարեւորությունը գիտակցել եմ հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ցավալի էր տեսնել՝ ինչքան բարդ իրավիճակում էին հայտնվում մեր երիտասարդները՝ տեղանքին ծանոթ չլինելու պատճառով»:
Ավետ ՋանջուղազյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ավետը նշում է՝ պետք է ուսումնասիրել սեփական հայրենիքը.
«Իսկ շատերն այսօր, ցավոք, նույնիսկ իրենց համայնքին լավ ծանոթ չեն»:
Ինչ վերաբերում է մասնագիտությունից դուրս հետաքրքրություններին՝ Ավետին գրավում է զբոսաշրջության ոլորտը եւ շախմատը, որի խմբակ հաճախել է ութ տարուց ավելի:
«Հիմա խաղում եմ սիրողական՝ ընկերների հետ։ Ուսումնասիրում նաեւ հոգեբանությունը։ Սա օգնում է ավելի լավ ճանաչել մարդուն», - ասում է երիտասարդը:
«Առաջին անգամ ընտրություններին մասնակցել եմ տատիկիս հետ»
Ընտրությունների մասին Ավետի մանկական հիշողությունները կապված են հարազատ դպրոցի հետ.
«Հիշում եմ՝ երբ փոքր էի, առաջին անգամ ընտրատեղամաս եմ գնացել տատիկիս հետ։ Այն տեղակայված էր իմ դպրոցում, եւ ինձ համար շատ հետաքրքիր էր դասից դուրս, այլ առիթով մտնել դպրոց (ժպտում է – հեղ.): Թվում է՝ նույն ծանոթ տարածքն էր, բայց տրամադրությունը՝ բոլորովին այլ»:
Ավետը հիշում է, որ նախընտրական շրջանում տրամադրությունը փոխվում էր առհասարակ ամբողջ համայնքում.
«Շատանում էին քննարկումները՝ երբեմն դառնալով ավելի բուռն: Ոմանք լարված էին, մյուսները՝ ոգեւորված ու վստահ պատմում էին իրենց նախընտրած թեկնածուի կամ քաղաքական ուժի մասին»:
«Մարդն արժեւորվում է իր կատարած ընտրություններով»
«Առհասարակ կյանքում ընտրություն ունենալու հնարավորությունը շատ կարեւոր է յուրաքանչյուրիս համար: Մարդն արժեւորվում է հենց իր կատարած ընտրությունների արդյունքում», - ասում է Ավետն ու ընդգծում՝ եթե ընտրելու հնարավորություն ունես, ուրեմն ունես սեփական կարծիք, դիրքորոշում եւ տեսակետ:
Ավետ ՋանջուղազյանըԼուսանկարը` Մեդիամաքս
«Առ այսօր իմ կատարած ընտրություններից առաջնայինը մասնագիտության ընտրությունն էր: Ցավոք, այսօր շատ քիչ երիտասարդներ են ուշադրություն դարձնում մանկավարժի աշխատանքին։ Շատերը ձգտում են ընտրել այնպիսի ուղղություն, որով կկարողանան շատ գումար վաստակել: Ինձ համար, սակայն, գիտելիքն ու դրանով կիսվելը շատ ավելի կարեւոր է։ Այսօր մեր երկրում, հասարակությունում կան շատ խնդիրներ, որոնց հիմքում հենց ճիշտ գիտելիքի պակասն է», - ասում է Ավետը:
«Եթե բոլորս հավատանք մեր ձայնի ուժին, դրական փոփոխությունները հնարավոր են»
Ավետն ասում է՝ բուն քաղաքական անցուդարձին շատ չի հետեւում, բայց փորձում է տեղյակ լինել ամենակարեւոր իրադարձություններին.
«Սա կօգնի ինձ կողմնորոշվել առաջիկա ընտրություններին: Փորձում եմ հետեւել չեզոք մեդիաներին, քանի որ այսօր ուղղորդված, մանիպուլատիվ տեղեկատվությունը շատ է»:
Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցելը շատ կարեւոր է, հատկապես՝ երիտասարդների պարագայում, որովհետեւ հենց նրանց ձեռքում է երկրի ապագան։
«Մենք պետք է արտահայտենք մեր կարծիքը՝ գիտակցելով, որ հետագայում այն ուղղակի ազդեցություն է ունենալու բոլորիս կյանքի վրա: Շատերն են ասում՝ «ի՞նչ իմաստ ունի, ընտրություններով բան չի փոխվի», բայց ես կարծում եմ՝ եթե բոլորս հավատանք մեր ձայնի ուժին, դրական փոփոխությունները հնարավոր են», - ասում է Ավետը:
Ավետ ՋանջուղազյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Երիտասարդը նշում է՝ դեմ է անտարբեր մոտեցմանը.
«Լավ պատմաբան, նկարիչ կամ այլ մասնագետ լինելուց բացի, մենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք: Ապրելով, աշխատելով, ստեղծագործելով այս երկրում՝ պատասխանատու ենք ոչ միայն մեր այսօրվա համար, այլեւ՝ պատասխանատվության բաժին ունենք գալիք սերունդների առաջ։ Այնպես է ստացվել, որ անտարբերությունը մեր մտածելակերպի մի մասն է, որից ազատվելու ուղղությամբ պետք է աշխատել»:
Կրթություն, տնտեսություն, առողջապահություն
«Կրթությունն ուժ է եւ եթե ունես կրթված երիտասարդություն, պետությունդ ապահով ձեռքերում է։ Կարծում եմ, որ կրթական ոլորտում եղած բացերը լուրջ խնդիրներ են առաջացնում հասարակությունում։ Կարեւորում եմ նաեւ տնտեսությունը, որովհետեւ զարգացած տնտեսությունը պետության համար ապահովության եւս մեկ երաշխիք է», - ասում է Ավետն ու ընդգծում, որ իր համար կարեւորագույն երրորդ ոլորտն առողջապահությունն է.
«Այստեղ մի շարք խնդիրներից բացի՝ Հայաստանի բնակչությունը գնալով ծերանում է, եւ մենք ծնելիության բարձրացման կարիք ունենք»:
«Ընտրե՛լ սեփական մտքով եւ սրտով»
Ավետն իր ընտրությունը կատարելու է՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, այդ թվում՝ զրույցներ ընտանիքի, ընկերների հետ.
Ավետ ՋանջուղազյանըԼուսանկարը` Մեդիամաքս
«Փորձելու եմ հետեւել նաեւ քարոզարշավին, ընդ որում՝ պարտադիր ուղիղ եթերով, քանի որ հաճախ նույն իրադարձությունը տարբեր լրատվամիջոցները ներկայացնում են իրենց ցանկալի անկյան տակ»:
Մյուս երիտասարդներին Ավետը խորհուրդ է տալիս չկաշկանդվել ընտրություն կատարելիս.
«Մ՛ի մտածեք, թե սա ձեր գործը չէ: Ընտրություն կատարե՛ք սեփական մտքով եւ սրտով՝ առանց ընկնելու այս կամ այն ազդեցությունների տակ»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

















