Աշոտ Բադալյան. Իմ աղջիկը - Mediamax.am

9717 դիտում

Աշոտ Բադալյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


Մայիսի 22-ն է: Ձեռքս կարմիր ծածկոցով փաթաթված մի բան են տալիս: Ասում են` աղջիկս է:

 

Անունը դնում եմ Մայա, որ ինձ մի քիչ Պիկասո զգամ:

 

Դե ինձ առանձնապես չի կարեւորում, նրան կաթի աղբյուրներ են պետք, իսկ դրանք ինձ մոտ չեն:

 

Քնում է, արթնանում, ուտում…էլի քնում………ու էլի ինձ չի նկատում:

 

Մայրիկը կարեւոր դեղ պիտի խմի: Բժիշկն ասել է, որ կրծքով կերակրել չի կարելի: Երեք գիշեր է գրկիս է քնում` մորից նեղացած: Երջանիկ եմ:

 

Ամեն օր տուն գալիս նվեր եմ բերում: Ուրախ ու երջանիկ դիմավորում է: Հասկանում եմ, արդեն ոչ թե ինձ, այլ նվերներին է սպասում: Նվերներ էլ չեմ բերում:

 

Սիրում է, որ հենց ես եմ պատմում հեքիաթներ, որովհետեւ դրանք միայն իր հեքիաթներն են: Ես դրանք հորինում եմ:

 

Անուշահոտ գանգուրներ ունի. այնքան փափուկ են:

 

Սիրում եմ, որ ամեն օր ինձ աշխատանքի է ճանապարհում երկու փուլով: Առաջին փուլում դռան մոտ համբուրում ու ասում է, որ մեքենաներից զգուշանամ, իսկ երկրորդ փուլն արդեն պատուհանից է, երբ ամբողջ բակով բացականչում է, որ սիրում է ինձ ու կոնֆետները չմոռանամ:

 

Սիրում եմ, որ դիմավորում է ինձ` չնայած ուշ եմ վերադառնում, ու ինքը քնած պիտի լինի, որովհետեւ դեռ միայն երեք տարեկան է, բայց ոչ, միեւնույնն  է…. սպասում է` ինչքան էլ քունը տանի…….ու հենց դուռը բացում եմ, էն նույն անուշահոտ գանգուրներով վազում է գիրկս: Չէ՛, կոնֆետները չեմ մոռացել:

 

Օ՜, ո՛չ……վազելով սենյակ մտած Մայայի լացակումած աչուկները միայն մի բան կարող են նշանակել. վիշապը նորից ուզում է հափշտակել արքայադստերը: Այո՛, չեմ սխալվել: Նստում եմ երեւակայական ձիս ու սլանում: Արքայադուստրը հերթական անգամ փրկված է, իսկ աղջկաս աչքերն այս անգամ այլ բան են ասում. ես կրկին իր քաջ ասպետն եմ:

 

Այսօր մայրիկը կարեւոր գործեր ուներ, գնաց: Մայան եւ ես տանը մենակ ենք: Դեւն այս անգամ յոթգլխանի է: Ամբողջ երեք ժամ պահանջվեց նրան հաղթելու համար: Դուռն են թակում: Երեւի մայիկն է: Դե արի ու բացատրիր նրան, որ  յոթգլխանի դեւի պատճառով է տունը մարտի դաշտ հիշեցնում: Որ այս բոլոր իրերը հնարավոր ու անհնարին ձեւերով հենց նա է թափթփել: Մայան նայում է ինձ, ես` նրան: Երկուսիս մտքում էլ նույն բանն է. «թռաա աաա՜նք»:

 

Ես գիտեմ, թե որն է նրա սիրած գույնը, գիտեմ` ինչ պաղպաղակ է սիրում , գիտեմ, թե ոնց է լացում ու սիրում եմ այն ծիծաղը, որ հենց նրանն է ու ինձ այնքան ծանոթ: Սիրում եմ նրա գանգուրներն ու նրա` ինձ գրկելու ձեւը: Գիտեմ, որ քնելուց առաջ պիտի աչուկները համբուրեմ ու ասեմ, որ երազում թիթեռներ տեսնի….գիտեմ նաեւ, որ նրա համար կարեւոր է, որ թիթեռներն այդ վարդագույն լինեն: Հա՛, նա վարդագույնն է սիրում……..

 

Ես սիրում եմ Մայային: Սիրում եմ նրա ձայնն ու նրա անունը:

 

Մայան իմ աղջիկն է:

 

Ամենակարեւորը, որ նա իրական է` շունչս կտրվելու չափ իրական:

    

Այսօր քոլեջում ուսուցչուհին ասաց, որ տղաներին հրել ու չի խաղացել նրանց հետ միայն նրա համար, որ տղա են: Զայրացա, հարցական հայացքս ուղղում եմ նրան: Նայում է ուշադիր ու հարցնում.

 

-Դու էլ ես տղա….չէ՞, պապա՛:

-Դե հա, -կիսատխուր պատասխանում եմ` կանխազգալով երկրորդ նախադասության բովանդակությունը: Սպասում եմ:

 

-Դու տղա ես, բաց մեկ է ես քեզ սիրում եմ, դու լավ տղա ես:

 

Ես լավ տղա եմ: Սիրտս տեղն է ընկնում: Դե, գնանք տուն:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին