Հակոբ Կարապետյան. Իմ աղջիկը - Mediamax.am

6900 դիտում

Հակոբ Կարապետյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


Մի փոքրիկ աղջիկ է ապրում մեր տանը: Մի արև է նա՝ անունն Արփի: Ինձ լույս ու ջերմություն տվողն է իմ Արփին…

 

Ես փոքր էի, երբ կորցրի տեսողությունս և իմ ամենահամարձակ երազներում եմ պատկերացրել միայն, որ մի օր ընտանիք կունենամ ու կունենամ մի հրաշք աղջիկ՝ մի չքնաղ Արփի: Այդ երազներում եմ գրկել աղջկաս, քնքշորեն սիրել, բռնել եմ ձեռքը` օգնել, որ չընկնի: Հետո սթափվել եմ խոր անուրջներից՝ երբեմն դեմքիս երանավետ ժպիտ, երբեմն էլ՝ անհույս թախիծ…

 

Աստծո օրհնությամբ ապրում ենք հիմա այս մեծ աշխարհում՝ ես, մայրդ ու դու, իմ փոքրի՛կ Արփի: Դու իմ գունազարդ ու անհոգ մանկությունն ես, իմ տեսողությունը, իմ չտեսած գույների ու երանգների ու այս մեծ աշխարհի թարգմանը:

 

Դու երևի զգացել էիր իմ անհամբեր սպասումն ու լույս աշխարհ եկար ժամանակից շուտ, պայքարեցիր կյանքիդ համար ու Աստծո օրհնությամբ ապրում ես հիմա՝ առողջ ու աշխույժ, իմ ուժե՛ղ աղջիկ: Երբ քո ծննդից քսան օր հետո քեզ գիրկս առա՝ չգիտեի լայի, թե խնդայի: Սիրտս ուռչում էր զգացմունքների ու ապրումների հուժկու հորձանքից, և թվում էր, թե ահա կպայթի: Ես չէի տեսնում քեզ, իմ անու՛շ դստրիկ, բայց զգում էի քեզ ամբողջ էությամբ ու մարմնիս բոլոր բջիջներով: Մենք իրար հետ ծակեցինք քո առաջին ատամիկը, անքուն գիշերներ լուսացրինք, վայելեցինք քո առաջին քայլերը…

 

Նա իմ մտապատկերում այնքան լավ է դրոշմված, որ եթե հենց հիմա բացվեն իմ աչքերը, ես կնկարեմ նրան ինչպես որ նա կա: Բայց միևնույնն է՝ ես երազում եմ տեսնել նրան, տեսնել գոնե մեկ ակնթարթ:

 

Ես խնդրում եմ, որ նրան հաճախ նկարեն բոլոր տարիքներում և իրավիճակներում, որպեսզի եթե մի օր Աստված կամենա, ու աչքիս լույսը բացվի, տեսնեմ ու վայելեմ այն ամենը, ինչ որ ժամանակին պատկերացրել եմ միայն:

 

Բոլորն ասում են, որ Արփիս շատ գեղեցիկ ժպիտ ունի: Շա՜տ կուզենայի տեսնել նրա լուսավոր ժպիտը: Սիրտս անհուն բերկրանք է ապրում, երբ տունը լցվում է նրա զրնգուն ու անուշ ծիծաղով:

 

Չգիտեմ տխրե՞մ, թե՞ ծիծաղեմ այն պահերին, երբ մի նոր զգեստ է հագնում և հարցնում.

 

-Պա՛պ, սիրու՞ն ա շորիկս:

 

-Այո՛, ի՛մ բալիկ, քեզ շատ է սազում:

 

Իհարկե, ի՛մ փոքրիկ, չես կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում իմ հոգու խորքում, երբ ստում եմ, թե տեսնում եմ: Աղջիկս աստիճանաբար սկսել է ընկալել տեսնելու իմ անսովոր կերպը: Հիմա բռնում է ձեռքս ու ասում.

 

-Պա՛պ, մի հատ ձեռք տուր, տես…

 

Չնայած իմ աղջիկը դեռ չորս տարեկան է, բայց շատ արագ սովորեց թվերն ու տառերը: Երբ միասին գնում ենք թատրոն, այգի կամ կարուսել, նա կարդում է երթուղայինների համարները և հմտորեն ուղեկցում ինձ: Հոգիս լցվում է խինդով, երբ սովորեցնում եմ նրան հեծանիվ քշել, ձի նստել, լողալ ու տեսնում եմ նրա անսահման հրճվանքը:

 

Երբ մանկապարտեզից տուն է գալիս, նրա հետ մանկանում եմ ասես: Տունտունիկ, խանութ-խանութ կամ պահմտոցի ենք խաղում: Այլ է վիճակը, երբ ճուտիկս հանկարծ որոշում է, որ մենք պետք է նկարենք կամ ներկենք: Անզուսպ ծիծաղ է բռնում ինձ, երբ պատկերացնում եմ ինձ նկարելիս: Սկսում եմ հազար ու մի պատճառ հորինել, նրա ուշադրությունը շեղել կամ ասում եմ, որ նկարել չգիտեմ: Բայց իմ աղջիկը համոզում է միշտ՝ իր մանկական պարզ ու անկեղծ մի քանի բառով.

 

-Ես քեզ կօգնեմ, կսովորեցնեմ: Մատիտն այսպես բռնում ես ու…

 

Մի աննկարագրելի երջանկություն եմ ապրում, երբ աղջկաս տանում եմ մանկապարտեզ: Ավելի ճիշտ՝ նա է ինձ տանում իր մանկապարտեզ: Ամբողջ ճանապարհին նա ուղեկցում է ինձ, անդադար խոսում, հարցեր է տալիս և այդ ընթացքում հասցնում է ուլիկի պես թռչկոտել այս ու այն կողմ՝ սիրտս լցնելով երանավետ հրճվանքով: Երբ նրան հարցնում են, թե երբ մեծանա ի՞նչ է դառնալու, նա շատ վճռական պատասխանում է. «Մամա ու բժիշկ»: Իսկ երբ հարցնում եմ, թե ինչու՞ բժիշկ, նա զարմացած պատասխանում է. «Դե, որ աչքերդ բուժեմ»:

 

Ես պարզապես յոթերորդ երկնքում եմ հայտնվում, երբ ասում է, որ շատ է սիրում ինձ: Ու երբ հարցնում եմ՝ ինչքա՞ն շատ, նա պատասխանում է՝ տիեզերքի չափ:

 

...Տիեզերքի չափ երջանկություն եմ մաղթում քեզ, իմ հրաշք աղջիկ...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին