Արման Մինասյան. Իմ աղջիկը - Mediamax.am

Հունվար 15, 2026
2341 դիտում

Արման Մինասյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


Առաջին իսկ վայրկյանից, երբ իմացա, որ լույս աշխարհ ես գալու, սիրտս լցվեց ջերմությամբ: Առաջին իսկ հայացքից, երբ տեսա քեզ, սիրտս կապվեց սրտիդ հետ մի անհասկանալի ու անբացատրելի կապով: Ինձ զգացի աշխարհի ամենաերջանիկը, ամենակարողը, ինձ հաղթանակած զգացի, ուստի այդպես էլ կոչեցի քեզ. հաղթանակ՝ Վիկտորյա:

 

Այդ օրվանից անցան տարիներ ու այս տարիների ընթացքում ամեն վայրկյան սիրում եմ քեզ ավելի ուժգին:

 

Ների՛ր այն պահերի համար, որոնք բաց եմ թողնում, հավատա` ուզում եմ միշտ լինել կողքիդ, ուրախանալ ու հպարտանալ քեզնով, պաշտպանել քեզ ամեն ինչից, իմ նու՛րբ, անու՛շ աղջիկ: Թվում է, թե հայրն է իր դստեր պաշտպանը, բայց ես կասեմ նաեւ հակառակը, քանզի առանց քեզ ես կորած եմ, մոլորված, անզոր ու անթեւ:

 

Հավատս չի գալիս, որ ժամանակն այսքան արագ է անցնում ու դու արդեն մեծ աղջիկ ես, ով արտահայտում է իր սեփական, հասուն մտքերը: Անցյալում մնացին քո թոթով լեզվով ասված ծիծաղելի բառերը, քո առաջին «պապա»-ն, որ լսելիս չկարողացա զսպել երջանկության արցունքները:

 

Հիշում եմ երբ առաջին անգամ քայլեցիր, երբ առաջին ատամիկիդ հայտնվելիս գիշերները չքնեցիր, երբ առաջին անգամ ձյուն տեսնելիս զարմանքից քարացար, երբ ծննդյանդ նվերը ստանալիս երջանկությունից թռվռացիր… Հիշում եմ ինչպես ձեռքդ բռնած առաջին անգամ ուղեկցեցի քեզ մանկապարտեզ, իսկ հետո էլ՝ դպրոց: Հպարտություն զգացի, անսահման հպարտություն…

 

Հիշում եմ քո բոլոր «առաջինները» ու երբեք չեմ մոռանա, քանզի դու ես իմ առաջնեկը, իմ միակ, փոքրիկ աղջնակը:

 

Լավ իմացի՛ր, ինչքան էլ ժամանակ անցնի, միեւնույն է, դու մնալու ես իմ արեւն ու հրաշքը, իմ մասնիկը, առանց որի այլեւս չեմ կարող ապրել:

 

Ների՛ր, որ չեմ կարող ամպագոռգոռ բառերով արտահայտել սերս քո նկատմամբ, որ բացատրում եմ քեզ պարզ ու հստակ բառերով, քանզի սերս նույնպես պարզ է ու անարատ, անսահման ու իրական:

 

Երջանիկ եմ որ դու կաս, որ քո խինդ ու ծիծաղով, քո անմեղ հայացքով, քո բարի ժպիտով լցնում ես մեր կյանքը լույսով: Ու թող որ այդ լույսն երբեք չմարի…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին