Երեւան: Մեդիամաքս: Վերաբացվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահը
Բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ վերակառուցվել է գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվել է լուսավորության համակարգը, տեղադրվել է ժամանակակից ապակեպատ տանիք, բարելավվել են ենթակառուցվածքները։
Լուսանկարը` ԿԳՄՍՆ
Արդյունքում ստեղծվել է նորարարական, ժամանակակից եւ ոգեշնչող միջավայր՝ նախատեսված ուսանողների, դասախոսների եւ հետազոտողների համար։
Նախագիծն իրականացվել է «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Լուսանկարը` ԿԳՄՍՆ
Ժաննա Անդրեասյանն ասել է, որ «գրադարանում ձեւավորված միջավայրը նոր հնարավորություններ է ընձեռում սովորելու, զարգանալու, քննարկելու եւ շփվելու համար»։ Նա ընդգծել է, որ գրադարանը պետք է գործի ոչ միայն որպես բուհի կառուցվածքային միավոր, այլեւ որպես ինքնուրույն հարթակ՝ հանրային նշանակությամբ։
«Գրադարանը բուհի մի մասն է, սակայն այն պետք է ունենա նաեւ աշխատանքային առանձնացված ռեժիմ՝ դառնալով նաեւ հանրային տարածք։ Կարծում եմ՝ դրա բոլոր հնարավորություններն այստեղ առկա են՝ թե՛ առանձնացված մուտքի, թե՛ ձեւավորված ենթակառուցվածքների առումով։ Վստահ եմ՝ Երեւանի պետական համալսարանն այս իմաստով դառնալու է նաեւ հանրային գրադարան, ինչը կարեւոր է բուհերի ներկայությունը մեր հանրային կյանքում եւս մեկ անգամ ընդգծելու համար»,- ասել է նախարարը։
Լուսանկարը` ԿԳՄՍՆ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնությունը երկար տարիների ընթացքում ձեւավորված գաղափարի իրագործում է՝ միտված համալսարանական միջավայրի որակական զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի ձեւավորման եւ իրականացման ողջ ընթացքին մասնակցած բոլոր գործընկերներին ու պատասխանատուներին՝ ընդգծելով նրանց հետեւողական եւ համատեղ աշխատանքի կարեւորությունը։
Առանձնահատուկ երախտագիտությամբ ռեկտորը նշել է «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել շինարարական աշխատանքների իրականացումն ու նոր միջավայրի ստեղծումը։ Նա ընդգծել է նաեւ, որ սրահը կրում է ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունը՝ ընդգծելով Իզմիրլյանի ներդրումն ու հետեւողական աջակցությունը կրթության եւ գիտության զարգացման գործում։
Լուսանկարը` ԿԳՄՍՆ
ԵՊՀ գիտական գրադարանը Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անունով է կոչվում 1997 թվականից։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առանձնահատուկ գնահատանքի խոսք է ուղղել նաեւ հայ բարերար, գործարար, «Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ Սարգիս Իզմիրլյանին՝ ընդգծելով, որ նրա ստանձնած պարտավորությունները կյանքի են կոչվել առավել ընդգրկուն ծավալով, ինչը Սփյուռքի հոգատարության եւ հայրենիքի նկատմամբ սիրո բացառիկ դրսեւորում է։















