Հայերենը ոչ հայախոսների համար. լեզվի միասնական չափորոշիչների մշակում - Mediamax.am

Դեկտեմբեր 15, 2025
exclusive
270 դիտում

Հայերենը ոչ հայախոսների համար. լեզվի միասնական չափորոշիչների մշակում


Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշ Դվոյանը
Սիրանուշ Դվոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Հովհաննիսյանը
Անահիտ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Հարությունյանը
Գոհար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Հովնանյանը
Անի Հովնանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձգտելով նպաստել հայոց լեզվի լայն կիրառելիությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող ոչ հայախոսների շրջանում՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Լեզվի կոմիտեն իրականացնում է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում եւ գնահատում» ծրագիրը, որի շնորհիվ հայոց լեզվի իմացությունը կդառնա չափելի:   

 

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունիսին «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ: 

 

Մեդիամաքսն աշխատանքի եւ ակնկալվող վերջնարդյունքի մասին զրուցել է ծրագիրն իրականացնող մասնագետների հետ:

 

Միջազգային փորձի ուսումնասիրություն եւ ազգայինի մշակում 

 

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում եւ գնահատում» ծրագիրը ենթադրում է արեւելահայերենի ուսուցման, ստուգման եւ գնահատման միջազգայնորեն ընդունված չափորոշիչների մշակում, դրանց հիման վրա լեզվական իմացության մակարդակը հավաստող հայերենի ստուգման ու գնահատման համակարգի ստեղծում եւ ներդրում: Ծրագրի անմիջական շահառուները հայերեն սովորել ցանկացող ոչ հայախոսներն են` անկախ տարիքից, սեռից, էթնիկ ծագումից, կրոնական համոզմունքներից, բնակության վայրից:

Սիրանուշ Դվոյանը Սիրանուշ Դվոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի խոսքով՝ հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (CEFR)՝ մշակվել են ոչ հայախոսների համար հայերենի ստուգման ու գնահատման միասնական չափորոշիչները եւ շարունակվում են աշխատանքներն ընդհանուր համակարգի ստեղծման ու ներդրման ուղղությամբ։

 

«Աշխատանքի ընթացքում մարտահրավերները շատ էին, որովհետեւ մշակվող չափորոշիչներն ու առաջադրանքները պետք է ստուգեն ոչ միայն լեզվական գիտելիքը, այլեւ հաղորդակցական կարողությունները, մինչդեռ Հայաստանում լեզվի ուսուցման մեջ հաղորդակցական կարողությունների զարգացման փորձ չունենք»,-նշում է նա:

 

Աշխատանքներում ներգրավվել են հայերենի դասավանդման մեծ փորձ ունեցող մասնագետներ, ուսումնասիրվել է արեւելյան եւ եվրոպական մի շարք լեզուների փորձը։ 

 

«Որդեգրվեց շատ երկրներում արդեն իսկ ընդունված ու կիրառվող սկզբունքներով, չափանիշներով ու մոտեցումներով առաջնորդվելու եւ դրանք մեր լեզվի առանձնահատկություններին ու պահանջներին համապատասխանեցնելու, ոչ թե պատճենելու ճանապարհը»,- նշում է չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Գյուրջինյանը:

 

Ամիսներ տեւած աշխատանքի արդյունքում հայերենի իմացության 6 մակարդակների չափորոշիչներ ներառող փաստաթուղթն արդեն պատրաստ է: Բոլոր մակարդակներում տրված են լեզվական-հաղորդակցական 4 հմտությունների (ընթերցում, ունկնդրում, բանավոր եւ գրավոր խոսք) չափանիշներն ու վերջնարդյունքները, ինչպես նաեւ անհրաժեշտ լեզվական նյութը։ 

 

Նկարագրերի ու առաջադրանքների կազմում՝ չափորոշիչների հիմքով

 

Չափորոշիչների մշակումից հետո առաջադրանքներ մշակող խումբը լծվել է դրանց հիմքով առաջադրանքների նկարագրերի ու առաջադրանքների ստեղծման գործին, ինչի համար խումբն անցել է վերապատրաստում NILE (Norwich Institute for Language Education) կազմակերպության կողմից։

Անահիտ Հովհաննիսյանը Անահիտ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրաքանչյուր առաջադրանք պետք է համապատասխանի հստակ չափանիշների, ունենա որոշակի տրամաբանություն: Կարեւոր է նաեւ այն, որ առաջադրանքները չվիրավորեն որեւէ մեկի ազգային, կրոնական զգացմունքները, բացառեն խտրականությունը: 

 

«Աշխատանքների սկզբում Ա մակարդակի համար մի առաջադրանք էինք կազմել, որում թեստը հանձնողը պետք է կարողանար կողմնորոշվել որոշակի նշանային համակարգով: Զետեղել էինք լուսացույց ու հարց գրել՝ ստուգելու գույների հայերեն իմացությունը: Մեր օտարերկրացի խորհրդատուն այդ առաջադրանքը տեսնելուց հետո շատ կարեւոր դիտարկում արեց. իսկ ի՞նչ անել, եթե քննություն հանձնողը դալտոնիզմ ունի: Այս օրինակով ցանկանում եմ ընդգծել, որ կան բազմաթիվ նրբություններ, որոնք առաջադրանքը կազմելիս կարող են մտքովդ չանցնել»,- մանրամասնում է կրթության փորձագետ Անահիտ Հովհաննիսյանը: 

 

Սոցիալական մշակույթն ու խոսակցական հայերենի մարտահրավերը

 

Առաջադրանքների համար մշակվող բոլոր տեքստերը պետք է պարտադիր վավերական եւ հուսալի լինեն: Կան հարցեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են Հայաստանը, Հայաստանի պատմությունը, մշակույթը, ինչպես նաեւ սոցիալական մշակույթը ճանաչելուն: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատանքների ընթացքում ամենաշատ մարտահրավերները, թերեւս, կապված էին Ա1 եւ Ա2՝ նախնական ու տարրական մակարդակների չափորոշիչների ու առաջադրանքների մշակման հետ: 

 

«Սովորականության մակարդակն ընդունված չէ մեր գրավոր, բանավոր ու տեսալսողական մեդիաներում եւ դա է պատճառը, որ Ա1, Ա2 մակարդակներում վավերական տեքստեր մշակելը մեծ մարտահրավեր էր: Մի կողմից չենք կարող նեղ խմբային ժարգոնը մտցնել այս համակարգ, մյուս կողմից՝ պետք է ունենանք պարզ, առօրյայում կիրառվող տեքստ։ Այդ դեպքում նյութը մշակվում է այնպես, որ լինի ոչ շատ բարձր գրական եւ ոչ էլ ժարգոնային, այլ սովորական»,- նշում է Սիրանուշ Դվոյանը: 

 

Բարձր մշակույթի ու առօրյայի համադրումը

 

Մշակվող նյութերում Հայաստանն ու հայ ազգը մի կողմից ներկայանում են իրենց հազարամյակների պատմությամբ, մշակույթով ու ավանդույթներով, իսկ մյուս կողմից հանդես գալիս որպես ժամանակակից պետություն: Բնականաբար, չի անտեսվել նաեւ ոսկեղենիկ հայերենը, որը հատկապես դրսեւորվում է բարձր մշակույթին վերաբերվող տեքստերում: 

Գոհար Հարությունյանը Գոհար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաշվի ենք առել այն, որ մշակվող նյութը մի կողմից ճանաչելի դարձնի Հայաստանը, մյուս կողմից էլ դառնա հայերենով աշխարհին նայելու միջոց: Բ1, Բ2 մակարդակների առաջադրանքների մշակման ժամանակ հաշվի ենք առել, որ այս մակարդակի իմացությանը ձգտող մարդիկ ներգրավված են լինելու կյանքի բազմազան ոլորտներում, այդ թվում այցելելու են թանգարան, օգտվելու են հայկական մեդիայից, ուստի ձգտում ենք բարձր մշակույթն ու կենցաղը համադրել»,- մանրամասնում է հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Գոհար Հարությունյանը:

 

Մասնագետները նաեւ կարեւորում են, որ հայերեն սովորելն ու իմացությունը ստուգելը հետաքրքիր լինի:

Անի Հովնանյանը Անի Հովնանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցանկացած մարդ, որ երբեւէ մանկավարժությամբ զբաղվել է, գիտի, որ թե´ սովորելու գործընթացը, թե´ քննություն հանձնելը պետք է որոշակի հետաքրքրություն առաջացնեն, մոտիվացնեն: Մեր աշխատանքում ձգտել ենք այս մարտահրավերին եւս պատշաճ արձագանքել»,- ասում է հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Անի Հովնանյանը:  

 

Համակարգի ներդրում եւ օրենսդրական փոփոխություններ

 

ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 3-ը սահմանում է, որ պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Սիրանուշ Դվոյանի խոսքով՝ այս ձեւակերպումը խիստ ընդհանրական է, ուստի համակարգի ստեղծմանը հաջորդելու են օրենսդրական մի շարք փոփոխություններ: Դրանք ներկայում քննարկումների փուլում են: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեզվի կոմիտեի նախագահի խոսքով՝ իրականացված աշխատանքը կընդլայնվի, եւ որպես դրա շարունակություն կստեղծեն հայերենի գնահատման միասնական համակարգ արդեն լեզվակիրների համար:

 

2026 թվականի ընթացքում նախատեսված են պիլոտային ծրագրեր, որոնցով համակարգը կփորձարկվի, կհետազոտվի, այնուհետեւ կհամալրվի: Համակարգի ներդրումը նախատեսված է 2028 թվականին: 

 

Գայանե Ենոքյան 

 

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին