Երեւան: Մեդիամաքս: Այս տարվանից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանում կներդրվի 2026 տարվանից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը hայտնել է, որ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ կատարվել է նոր դասագրքերի ստեղծման մեծածավալ աշխատանք. երեք տարվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 220 նոր դասագիրք:
«Բարեփոխելով և էականորեն վերափոխելով դասագրքաստեղծման գործընթացը, ձևավորելով մրցակցային միջավայր՝ ներդրվել են նոր դասագրքեր, որոնք նաև այս տարվա մրցույթների արդյունքով որակական մեծ փոփոխություն են կրել:
Այս տարվա արդյունքներով դասագրքերի շուրջ 45%-ն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի նույն դասարանի համար ունեցել ենք երկու դասագիրք, ինչը դպրոցներին ընտրության հնարավորություն է տալիս: Ուսուցիչները հնարավորություն են ունեցել ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը, և սա նշանակում է, որ իսկապես հսկայական աշխատանք է կատարված: Դասագրքերը ոչ միայն ներկայացնում են գիտելիքի և փաստերի ամբողջություն, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են:
Մասնավորապես, այս տարի առաջին դասարանում մենք աշխատելու ենք նոր չափորոշչով, ունենք նոր այբբենարաններ և նույնիսկ ուսուցման մեթոդներում առաջարկված են նորություններ: Շատ կարևոր եմ համարում, որ դասագրքերն էլեկտրոնային տարբերակով դեռևս մայիսին, հունիսին հասանելի են եղել, և ուսուցիչները ժամանակ են ունեցել ծանոթանալու, ընտրելու դասագրքերը: Ուսուցիչների հետ ամառվա ընթացքում նաև շատ ակտիվ քննարկումներ են կազմակերպում դասագրքերի հեղինակները», - ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ավելացրել է, որ դասագրքաստեղծման գործընթացը մշտապես պահվելու է ուշադրության կենտրոնում:
«Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև դասագրքերի կիրառման ընթացքում դպրոցներից ստացվող հետադարձ կապին և արձագանքին, դրանք նաև հընթացս լավարկելով, որովհետև յուրաքանչյուր աշխատանքի պարագայում դրա կարիքը զգացվում է: Վստահ եմ, որ այս համատեղ աշխատանքը մեր դպրոցներում որակյալ դասավանդման հնարավորություններ է ընձեռում», - նշել է նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: