Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կրթության տեսչական մարմինն ու «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ միավորելով ջանքերը կրթության որակի բարելավման եւ նորարարական մեթոդների ներդրման ուղղությամբ։
«Այս համագործակցության մեկնարկը կարեւոր քայլ է կրթական համակարգի որակի բարձրացման եւ արդիականացման ճանապարհին։ Մենք կարեւորում ենք նման գործընկերությունը, որը հնարավորություն կտա համատեղ ջանքերով զարգացնել նորարարական մոտեցումներ, իրականացնել արդյունավետ հետազոտություններ ու դպրոցական կառավարման մարմինների շարունակական մասնագիտական զարգացում։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կտա տեսանելի արդյունքներ, որոնք ուղղված կլինեն յուրաքանչյուր աշակերտի կրթական հնարավորությունների ընդլայնմանը», - ասել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը:
«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն ասել է, որ նման համագործակցությունները շատ կարեւոր են, քանի որ ստեղծում են հավելյալ հնարավորություններ երկու կողմերի համար։
Նա ընդգծել է, որ ուրախ է սկսել նոր համագործակցություններ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» շրջանավարտ դեսպանների հետ, ովքեր այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ կրթական ոլորտում, ինչը կարեւոր դեր ունի կազմակերպության կրթական բարեփոխումների ճանապարհին։
Հուշագրի շրջանակում կողմերը կգործակցեն մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, կրթական հետազոտությունների իրականացման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման, ուսուցիչների եւ վարչական անձնակազմի մասնագիտական աջակցության, ինչպես նաեւ միջազգային փորձի ուսումնասիրման եւ տեղայնացման հարցերում։
Համագործակցությունը ներառում է համատեղ աշխատանքային խմբի ստեղծում, տարեկան գործողությունների պլանների մշակումը եւ արդյունքների պարբերական գնահատումը՝ կրթական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Հուշագիրը ստեղծում է երկարաժամկետ եւ համակարգված համագործակցության հիմք՝ կրթության զարգացման եւ ներառականության ապահովման համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: