Հայաստանի ուսանողական հանրակացարանները. ուսումնական տարվան ընդառաջ - Mediamax.am

98 դիտում

Հայաստանի ուսանողական հանրակացարանները. ուսումնական տարվան ընդառաջ


Լուսանկարը` Photolure


Երեւանում բուհ ընդունվելուն, ուսման ընթացքում բավարար գիտելիք ստանալուն ու քննությունները հանձնելուն զուգահեռ, մարզաբնակ երիտասարդների համար մարտահրավեր է նաեւ մայրաքաղաքում կեցության հարցը լուծելը։ 

 

Ոմանք փորձում են գումար խնայել, հնարավորության դեպքում ուսանողական տարիներն անցկացնելով երեւանաբնակ հարազատ-բարեկամների տանը, ուրիշներն էլ ընկերների հետ կիսում են վարձակալած բնակարանն ու դրա վարձավճարը։ 

 

Կեցության խնդիրը լուծելը կենսական է նաեւ արտասահմանից Հայաստան եկած կամ փոխանակման ծրագրերով այստեղ սովորողների համար։ 

 

Միեւնույն ժամանակ, այսօր հայկական բուհերից մի քանիսն ունի ուսանողական հանրակացարան։ Նոր ուսումնական տարուն ընդառաջ Մեդիամաքսը պարզել է` ինչ պայմաններ են դրանք առաջարկում եւ ովքեր կարող են դրանցում բնակվել։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից Մեդիամաքսին հայտնել են, որ նախարարության ենթակայության տակ կա միայն մեկ հանրակացարան՝ ««Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամը, եւ Երեւանում գործող բուհերի ուսանողները, ըստ անհրաժեշտության, օգտվում են «Զեյթուն» հանրակացարանից:

 

Այստեղ բնակում է 222 ուսանող, որոնցից 116-ը Հայաստանից է, 54-ը՝ Հնդկաստանից: 

 

Հանրակացարանում բնակվող մյուս ուսանողները Չինաստանից են, Ֆրանսիայից, Իրաքից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ֆիլիպիններից եւ Թուրքմենստանից:

 

Նախարարությունից հայտնել են, որ հանրակացարանը հագեցված է կահույքով, առկա են ջեռուցման համակարգ, սանհանգույցներ, լոգարան, լվացքի մեքենաներ, գործում է նաեւ դերձակի ծառայություն:

 

Հանրակացարանի վարձավճարը տարեկան 110 հազար ՀՀ դրամ է:

 

««Երեւանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագրով գործում են կեցության զեղչեր միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող, երկկողմանի եւ միակողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ՝ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների համար»,- ասել են ԿԳՄՍՆ-ից՝ նշելով, որ այժմ հանրակացարանը մասնակի վերանորոգման փուլում է:

 

Ըստ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի՝ նախարարություն ներկայացրած տվյալների՝ Երեւանում գործող 11 պետական բուհից ուսանողական հանրակացարան ունեն միայն Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը: 

 

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում են Արցախից բռնի տեղահանված մարդիկ, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դեպքում «աշխատանքներ են կատարվում շինարարության մեկնարկի ուղղությամբ»:

 

Ըստ ԵՊՀ կայքի՝ ուսանողների կեցությունն ապահովելու նպատակով համալսարանին կից գործում է ուսանողական հանրակացարան, որտեղ բնակվելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ՝ այլ բուհերի ուսանողներ: Վերջիններիս, սակայն, սենյակ հատկացվում է միայն ԵՊՀ ուսանողների կացությունն ապահովելուց հետո՝ թափուր տեղերի առկայության դեպքում:

 

ԵՊՀ հանրակացարանը վերանորոգվել է 2019 թվականին: Այն ունի 125 սենյակ: Դրանք կահավորված են, ունեն սանհանգույց, ջեռուցում: Շենքում գործում է խոհանոց, որն ապահովված է անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով: 

 

ԵՊՀ ուսանողական հանրակացարանում մեկ անձի կացության եւ կենցաղի սպասարկման ամսական վճարը չորստեղանոց սենյակում սկսվում է 30 000 դրամից, իսկ մեկտեղանոց սենյակում 60 000 դրամ է: Այստեղ կարելի է նաեւ գիշերել 7000 կամ 10 000 դրամով:

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Արաբկիր» ուսանողական հանրակացարանում բուհի ուսանողները կարող են բնակվել 10 000 դրամով, այլ բուհերի ուսանողները՝ 23 000 դրամ:

 

«Յուրաքանչյուր սենյակում կա 2 մահճակալ, 2 աթոռ, 1 սեղան: Սենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչներով: Չորսհարկանի հանրակացարանի յուրաքանչյուր հարկում կա սանհանգույց, իսկ լողասենյակներն առաջին հարկում են»,- ասվում է բուհի կայքում:

 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրակացարանի վերաբերյալ տեղեկատվություն համացանցում կամ այլ բաց աղբյուրներում հասանելի չէ: Մեդիամաքսը գրավոր հարցումով դիմել էր համալսարան. հանրային կապերի բաժնից ասել են, որ ներկայում բուհի հանրակացարանում վերանորոգում է` այլ մանրամասներ չտրամադրելով։ 

 

Մարզային չորս համալսարանից իր ուսանողների համար հյուրատուն ունի Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանը։ Հանրակացարաններ ունեն նաեւ Գավառի եւ Գորիսի պետական համալսարանները: Հանրակացարան չունի միայն Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը:

 

Մարիամ Աղամիրյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին