Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը - Mediamax.am

Փետրվար 12, 2026
476 դիտում

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:

Այս տարի ծրագրին մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից,  Իսպանիայից,  Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից,  Ֆրանսիայից։  

 

Դասընթացներն իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում՝ «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո: 

 

«Սա ոչ միայն ուսուցանման, դասավանդման, մեթոդական շատ կարեւոր աշխատանք է, այլեւ մարդկային կապերի, հարաբերությունների ձեւավորման եւ միասնական հարթակներ ստեղծելու հնարավորություն: Ընտրված խորագիրը՝ «Գիտելիքի կամուրջ», պատահական չէ. մի կողմից մենք միմյանց փոխանցում ենք գիտելիքն ու փորձառությունը, մանկավարժական հմտություններն ու մեթոդաբանությունը, մյուս կողմից` կամրջում ենք Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի տարբեր օջախներին: Կարծում եմ՝ սա այն առանձնահատուկ առաքելությունն է, որը նաեւ այս ծրագիրն  անընդհատ շարունակելու ոգեւորություն եւ մոտիվացիա է տալիս»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

 

Նա կարեւորել է, որ վերապատրաստման ծրագիրը լինի հնարավորինս նպատակային եւ թիրախային, որովհետեւ սփյուռքահայ ուսուցիչների իրականացրած աշխատանքը խիստ տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դպրոցների ուսուցիչների աշխատանքից։ 

 

Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է մինչեւ հուլիսի 26-ը 7 ուղղությամբ՝

 

1.    ուսուցում մանկապարտեզում,

 

2.    ուսուցում մեկօրյա դպրոցում,

 

3.    տարրական ուսուցում

 

4.    հայոց լեզու եւ գրականություն

 

5.    հայոց պատմություն եւ մշակույթի պատմություն

 

6.    երգ ու պարի ուսուցում

 

7.    տնօրենների վերապատրաստում




Մեր ընտրանին