Հունիսի 12-ին Երեւանում տեղի է ունեցել Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բակալավրի եւ մագիստրատուրայի ապագա ուսանողների կրթաթոշակների հանձնման արարողությունը: Կրթաթոշակ ստանալու համար դիմորդները նախապես մասնակցել են մրցույթի:
CITY College-ը Հայաստանում գործունեությունը սկսել է 2012թ.-ից՝ բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերով: 2016թ.-ից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021թ.-ից այս ծրագիրը գործում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով՝ առաջարկելով բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն։

Լուսանկարը` Մեդիամաքս
CITY College-ը հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական կրթություն՝ ապրելով եւ սովորելով Սալոնիկում. բակալավրիատի ուսանողները երեք, իսկ մագիստրատուրայի ուսանողները մեկ տարով տեղափոխվում են Հունաստան։
Մեդիամաքսը ներկա է եղել կրթաթոշակների հանձնման միջոցառմանն ու առանձնացրել դրա հետաքրքիր դրվագները:
«Դուք եք ընտրել այս ճանապարհը՝ հավատալով, որ այն տալու է լավ արդյունք»
Լիլիթ Շահզադեյան, CITY College-ի Հայաստանի եւ Վրաստանի ծրագրերի ղեկավար
Սիրելի բարեկամներ, ընկերներն ու ծնողներ, ինձ շատ հաճելի է տեսնել բոլորիդ այս միջոցառմանը, առավել եւս՝ մեր նոր ուսանողներին, որոնք մեկնելու են Սալոնիկ՝ ստանալու բակալավրի եւ մագիստրատուրայի կրթություն:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հանգրվանին հասնելու համար դուք շատ եք աշխատել ու այսօր ճիշտ պահն է, որ հպարտանաք ձեզնով: Մենք գիտենք՝ այստեղ բերող ճանապարհը հեշտ չէր: Շատ եք սովորել, շատ աշխատել եւ անհանգստացել գնահատականների համար: Անցկացրել եք անքուն գիշերներ՝ փնտրելով լավագույն համալսարանը, ընտրելով լավագույն ծրագիրը: Մեզ ու ինքներդ ձեզ ուղղել եք բազմաթիվ հարցեր (ժպտում է – հեղ.). սա ճի՞շտ ընտրություն է, ուսման համար ճի՞շտ երկիր:
Դուք հաղթահարել եք բազմաթիվ մարտահրավերներ եւ շուտով անելու եք ձեր կյանքի կարեւորագույն քայլերից մեկը՝ ուսման համար մեկնելու եք Հունաստան: Վստահ եմ՝ այս օրերին շատերդ մտահոգ եք ձեր երկրից, ընտանիքից ու ընկերներից հեռանալու առումով: Սա հեշտ չէ, բայց դուք եք ընտրել այս ճանապարհը՝ հավատալով, որ այն տալու է լավ արդյունք:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այստեղ ներկա գտնվողներդ պայքարել եք կրթաթոշակ ստանալու համար, հանձնել թեստեր ու սպասել արդյունքներին: Այսօր կարող եք ուրախ լինել՝ ձեր աշխատանքը տվել է արդյունք: Դուք ոչ միայն ընդունվել եք Յորքի համալսարանի եվրոպական կամպուս՝ Սալոնիկում գտնվող CITY College, այլեւ՝ ստացել ուսման ամբողջական եւ մասնակի կրթաթոշակներ: Բարի գալուստ մեր ընտանիք (ժպտում է – հեղ.):
Դուք ապագա գիտնականներ եք, տնտեսագետներ, մարքեթոլոգներ, այլ մասնագետներ, եւ այսօր դրվում է ձեր ակադեմիական ճանապարհորդության առաջին քայլը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցանկանում եմ, որ այս ճանապարհին լինեք շատ հետաքրքրասեր, դիմացկուն ու վստահ: Սիրելի ծնողներ, այս ճանապարհը բարդ էր նաեւ ձեզ համար, այնպես որ՝ շնորհավորանքներս: Մեզ շատ եք հարցրել՝ կրթության որակի, Սալոնիկում անվտանգության եւ այլնի մասին: Թույլ տվեք վստահեցնել՝ մենք հոգ կտանենք ձեր երեխաների համար: Պարտավորվում ենք օգնել նրանց հաջողության հասնել, աճել եւ ծաղկել ակադեմիական, անձնական ու մասնագիտական առումով։
«Վայելեք ձեր ժամանակը Սալոնիկում»
Էֆթիհիյա Բակոպուլո, ՀՀ-ում Հունաստանի դեսպանության տնտեսական եւ առեւտրային հարցերով խորհրդական
Սիրելի ապագա ուսանողներ, մեզ համար մեծ պատիվ է, որ ընտրել եք մեր երկիրը՝ Հունաստանը, սովորելու համար:
Շնորհավորում եմ ձեզ ընդունվելու, կրթաթոշակ ստանալու առիթով եւ փոխանցում ՀՀ-ում Հունաստանի դեսպանի ջերմ բարեմաղթանքները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Խորհուրդս է՝ վայելեք ձեր ժամանակը Սալոնիկում: Արեք դա ոչ միայն սովորելու, այլեւ՝ Հունաստանում անցկացրած ժամանակը հիշվող դարձնելու առումով: Ձեզ մեծ հաջողություններ եմ ցանկանում:
«CITY College-ի ծրագրերը լիովին հաստատված եւ վավերացված են մայր համալսարանի կողմից»
Դոկտոր Ջիովանի Օսկար Սերաֆինի, Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի դասախոս
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը՝ CITY College-ը, Հունաստանի հյուսիսում գտնվող Սալոնիկ քաղաքում է, որտեղ կա բավականին ակտիվ հայկական համայնք: Սա հիանալի հնարավորություն է կրթություն ստանալ բրիտանական հռչակավոր համալսարանում, որը մշտապես ընդգրկվում է Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի լավագույն բուհերի շարքում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս փորձառությունն իսկապես յուրահատուկ է, քանի որ ապրելու եւ սովորելու եք Հունաստանի ծովափնյա, արեւոտ, աշխույժ քաղաքում՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճան ստանալով Յորքի համալսարանից: CITY College-ը Յորքի առաջին եվրոպական կամպուսն է եւ առաջարկում է ծրագրեր, որոնք լիովին հաստատված եւ վավերացված են մայր համալսարանի կողմից:
Ուսման ընթացքում զարգանալու է ձեր քննադատական մտածողությունը, ակտիվանալու են վերլուծական հմտությունները, ձեւավորվելու է էթիկական վարքագիծ: Դուք ստանալու եք արդիական գիտելիք, որը մրցունակ կդարձնի ձեզ այսօրվա աշխարհում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչ վերաբերում է քաղաքին, ինչպես նշեցի՝ Սալոնիկը ծովի ափին է, այս քաղաքում մի շարք համալսարաններ կան, հետեւաբար՝ բազմաթիվ ուսանողներ աշխարհի տարբեր անկյուններից: Վստահ եմ՝ այստեղ դուք ձեզ տանը կզգաք:
«Կրթաթոշակի մասին նամակից հետո զգացողություններս դժվար է փոխանցել»
Անի Մկրտչյան, Յորքի համալսարանի CITY College-ից ամբողջական կրթաթոշակ ստացած ուսանող
Յորքի համալսարանի ծրագրերից ընտրել եմ բիզնես ուղղությունը: Մաթեմատիկա շատ եմ սիրում (ծիծաղում է – հեղ.): Սալոնիկում սովորելու եմ երեք տարի՝ ստանալով բակալավրի կրթություն:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կրթաթոշակ ստանալու համար նախապես մասնակցել եմ մրցույթի, հանձնել թեստ, գրել էսսե եւ անցել հարցազրույց:
Արդյունքների մասին իմ էլեկետրոնային նամակը եկել է բոլորից ուշ: Շատ էի վախենում՝ կարծելով, որ կրթաթոշակ ընդհանրապես չեմ ստացել, բայց նամակից հետո զգացողություններս դժվար է փոխանցել:
Յորքի համալսարանի առաջարկած կրթության մասին իմացել եմ դպրոցում: Դեռ 11-րդ դասարանում մեզ մոտ էր եկել այս ծրագրի ներկայացուցիչն ու պատմել նման հնարավորության մասին: Մեկ տարի առաջ կայացրել եմ որոշումս ու, ինչպես տեսնում եք, այն չի փոխվել (ժպտում է – հեղ.):
Կարծում եմ՝ Սալոնիկում շատ լավ օրեր կանցկացնենք եւ անհամբեր սպասում եմ մեկնելուն:
Նշենք, որ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի ծրագրերով ուսանողների ընդունելությունը շարունակվում է:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: