TEF. Փակ շղթան ընդհատող ու դիմորդներին «ոչ» չասող հիմնադրամը - Mediamax.am

exclusive
197 դիտում

TEF. Փակ շղթան ընդհատող ու դիմորդներին «ոչ» չասող հիմնադրամը


Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը
Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Ասլիկյանը
Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը
Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը
Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը
Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը
Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Ասլիկյանը
Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը
Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2024թ. մայիսին Երեւանում պաշտոնապես ներկայացվեց Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը (Technological Education Foundation-TEF)։

 

Սա շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է Armenian Code Academy-ի (ACA) կողմից: Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն զարգացումն ամբողջ Հայաստանում՝ հասանելի դարձնելով  որակյալ տեխնոլոգիական կրթությունը:

 

Մեդիամաքսի հետ զրույցում Armenian Code Academy-ի հիմնադիր Նարեկ Ասլիկյանը եւ Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Թադեւոսյանը պատմել են աշխատանքի հիմնական ուղղությունների մասին, անդրադարձել են հիմնադրամի գործունեությունն ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու կարեւորությանն ու մարզերում եղած ներուժին:

 

Ներդրում կատարել լավագույնների կրթության մեջ

 

Նարեկ Ասլիկյան

 

Armenian Code Academy-ն սկսել է կրթաթոշակներ տրամադրել հիմնադրման պահից՝ 2015 թվականից: Դրանք հատկացվում էին հենց մեր կողմից՝ լավագույն արդյունքներ ունեցող ուսանողներին: Դիրքորոշումը հետեւյալն էր՝ «եթե դու կարող ես դառնալ մեր հաջողության պատմությունն ու լավագույն շրջանավարտը, մենք պատրաստ ենք ներդրում կատարել քո կրթության մեջ»։

 

2020թ.-ից հետո կրթաթոշակներ ավելացրեցինք նաեւ պատերազմի մասնակիցների համար։

Նարեկ Ասլիկյանը Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2022թ.-ի վերջում այս գործընթացը որոշեցինք դարձնել առավել համակարգված եւ ստեղծվեց Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը (TEF): Սրա շնորհիվ ավելացան նաեւ այլ՝ թեմատիկ կրթաթոշակներ, որոնք տրամադրում էին տարբեր կազմակերպություններ՝ մեր հիմնադրամի միջոցով:

 

Լեւոն Թադեւոսյան

 

Կար նաեւ վստահության հարցը: Կարեւոր էր, որ կրթաթոշակ տրամադրող ընկերությունները շատ լավ ծանոթ էին Armenian Code Academy-ին եւ վստահություն ունեին այս կառույցի նկատմամբ: Բացի այդ, ստեղծելով հիմնադրամը, ցանկանում էինք ամբողջ գործընթացը դարձնել առավել ինստիտուցիոնալ ու թափանցիկ։ Այսօր ունենք մոնիտորինգի մեխանիզմ, որի շնորհիվ թե՛ դոնորը, թե՛ աջակցություն տրամադրող անհատը, թե՛ մենք հստակ գիտենք՝ ով է ստանում կրթաթոշակը, ինչպես է անցնում նրա ուսուցումը, ինչ արդյունքներ է ցույց տալիս ու հետագայում ինչպես է զարգանում այդ մարդու կարիերան:

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

TEF հիմնադրամի պաշտոնական բացումն արեցինք 2024 թվականին, երբ արդեն ունեինք որոշակի հիմք ու արդյունք։

 

Կրթաթոշակներ, թվային/ֆինանսական գրագիտության ու մասնագիտական կողմնորոշման դասընթացներ

 

Լեւոն Թադեւոսյան

 

Այսօր TEF հիմնադրամը միայն կրթաթոշակ տրամադրող չէ։ Սա կառույց է, որն ունի հստակ տեսլական եւ առաքելություն՝ յուրաքանչյուր մարդ, անկախ գտնվելու վայրից ու ֆինանսական դրությունից, պետք է հնարավորություն ունենա ստանալ տեխնոլոգիական լավագույն կրթությունը։

 

Հայաստանի զարգացման համար շատ կարեւոր է մարզերի զարգացումը։ Երկիրը չի կարող զարգանալ՝ ունենալով մի տեղում կենտրոնացած հասարակություն ու կրթություն։

 

2022թ.-ից մեր բազմաթիվ այցելությունները մարզեր, շփումները տարբեր կազմակերպությունների հետ ցույց տվեցին, որ Երեւանում եղած, այսպես ասած, մասնագետների փունջը, շատ հաճախ հավաքվում է հենց մարզերից: Սրան զուգահեռ, երբ որեւէ տեխնոլոգիական ընկերություն ցանկանում է մասնաճյուղ բացել մարզում, բախվում է որակյալ մասնագետների պակասին:

 

«Հավի ու ձվի» պատմությունն է ստացվում. մի կողմից ընկերությունները պետք է տեղափոխվեն մարզեր, բացվեն աշխատատեղեր, որ տեղացի երիտասարդները տեսնեն այդ հնարավորությունն ու ձգտեն որակյալ կրթություն ստանալ, մյուս կողմից՝ ընկերությունները սպասում են, որ մարզերում լինեն որակյալ մասնագետներ, որպեսզի բացեն մասնաճյուղեր: Այս փակ շղթան ինչ-որ կերպ ընդհատելու համար մենք որոշել ենք կրթել երիտասարդներին (ժպտում է- հեղ.):

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը կրթաթոշակային ֆոնդն է: TEF-ը կրթաթոշակներ է տրամադրում արցախցի մեր հայրենակիցներին, պատերազմի մասնակիցներին, ֆինանսական խնդիրներ, հաշմանդամություն ունեցող մարդկանց։

 

Ունենք նաեւ մեկ այլ կարեւոր ուղղվածություն՝ կրթական ծրագրեր թվային եւ ֆինանսական գրագիտության զարգացման ուղղությամբ: Սա բխում է նաեւ պետության շահերից։

 

ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի (UNDP) հետ իրականացրել ենք  թվային գրագիտության զարգացման հիմունքներ դասընթացը, որը բավականին ընդգրկուն էր՝ ավելի քան 20 ժամ ընդհանուր տեւողությամբ։ Այս ծրագրի թիրախային շահառուները մարզերում բնակվող 1000 կանայք էին, որոնք տվյալ պահին չէին սովորում եւ չէին աշխատում։ Միեւնույն ժամանակ, այն բաց էր բոլոր ցանկացողների համար: Այժմ ընթացքում է այս դասընթացի երկրորդ՝ առավել խորացված փուլը, որը եւս անվճար է եւ բաց բոլոր ցանկացողների համար։ Ֆինանսական գրագիտության դասընթացն իրականացրել ենք EasyPay-ի հետ համագործակցությամբ։ Այստեղ եւս ունենք հիանալի արդյունք՝ 5000-ից ավելի դիմորդ եւ մոտ 2000 մարդ, ով արդեն ավարտել է այս դասընթացը։

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրամն ակտիվ աշխատում է նաեւ դպրոցական կրթության դաշտ մուտք գործելու ուղղությամբ, օրինակ՝ տեխնոլոգիան ոլորտում մասնագիտական կողմնորոշման առումով։ Այստեղ ունենք լուրջ խնդիր, որովհետեւ մարդկանց մեծ մասին թվում է, թե տեխնոլոգիական ոլորտը միայն ծրագրավորման, կոդ գրելու մասին է: Իրականում, եթե ինչ-որ երիտասարդ լավ նկարում է, սիրում է արվեստը, նույնպես կարող է գտնել իր տեղն այս ոլորտում՝ դառնալով, օրինակ, գրաֆիկ դիզայներ։ Այս ամենի հիմքով ստեղծվել է ACA-ի «Compass» դասընթացը։

 

Նարեկ Ասլիկյան

 

Կարեւոր է, որ այս դասընթացի ժամանակ մենք մասնագիտական կողմնորոշման հարցն աշակերտների հետ քննարկում ենք ոչ թե այս կամ այն թեստի անցկացմամբ կամ եղած մասնագիտությունների մասին պատմելով, այլ՝ առավել կիրառական: Առանձնացրել ենք ոլորտի  8 մասնագիտություն եւ հնարավորություն ենք տալիս մասնակից աշակերտներին դրանցից ամեն մեկում կատարել որեւէ պարզ առաջադրանք՝ կոդ գրել, դիզայնի համար մի բան նկարել եւ այլն։

Նարեկ Ասլիկյանը Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ծրագրի պիլոտային տարբերակն իրականացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ՝ 3 մարզի 9 քաղաքում։ Ընդհանուր մասնակցել է 400 մարդ։ Մենք որոշել ենք, որ ծրագիրն առավել արդյունավետ կլինի միջին դասարաններում սովորող 13-14 տարեկան աշակերտների համար, որոնք այդ փուլում ճիշտ կողմնորոշվելով՝ առավել արդյունավետ կընտրեն ավագ դասարանների ուղղվածությունը՝ ֆիզիկամաթեմատիկական, հումանիտար եւ այլն։

 

«Հիմնադրամը մեզ «ոչ» չասելու հնարավորություն տվեց»

 

Նարեկ Ասլիկյան

 

2023 թվականին Արցախում տեղի ունեցած դեպքերն ապացուցեցին, որ TEF հիմնադրամի գործունեությունն ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելը կարեւոր էր։ Այդ շրջանում որոշեցինք բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրել 50 կրթաթոշակ, քանի որ գիտակցում էինք՝ շատ մարդիկ պարզապես չեն հասկանալու՝ ինչպես ամեն ինչ սկսել զրոյից, նրանք ունենալու են նաեւ սոցիալիզացիայի կարիք ու սա կարող է լավ հնարավորություն դառնալ։ Արդյունքում կրթաթոշակի մասին հայտարարելուց հետո մի քանի օրում ստացանք 300-ից ավելի դիմում: Գիտակցում էինք, որ չափանիշներին համապատասխանող դիմողներից ոչ մեկին չենք կարողանա «ոչ» ասել, միեւնույն ժամանակ, միայն սեփական ուժերով սա իրականացնելը շատ բարդ կլիներ: Արդյունքում այսօր այս ուղղությամբ տրամադրված կրթաթոշակների թիվն անցել է 700-ը։

 

Հիմնադրամի ստեղծումն ու դրա ակտիվությունն էր, որ մեզ հնարավորություն տվեց չասել «ոչ»: Մեզ միացան նաեւ մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ իրենց անունից կրթաթոշակ տրամադրելով։ Ծրագրի շահառու դառնալու միակ պայմանն ընդունվելն էր, այսինքն՝ բավարար գիտելիք ունենալը։

 

Լեւոն Թադեւոսյան

 

Նշեցի, որ հիմնադրամը տալիս է նաեւ մոնիտորինգի հնարավորություն։ Այս դեպքում եւս յուրաքանչյուր մասնակից կազմակերպություն հստակ գիտի՝ ով է օգտվել իր կրթաթոշակից, որտեղ է այս պահին, ինչ գիտելիք է ստացել: Այս կազմակերպությունները պարտադիր ստանում են հաշվետվություններ ու լինում է նաեւ, որ հենց իրենք են աշխատանքի վերցնում իրենց կրթաթոշակով սովորած մարդուն: Սա չափազանց թափանցիկ մեխանիզմ է՝ ներդրողը տեսնում է իր ներդրման արդյունավետությունն ու թիրախային լինելը։

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ Երեւանում գործող այս կրթական կենտրոնի մոդելը ֆիզիկապես կարողանանք հասցնել նաեւ մարզեր։ Մեր գործընկերների հետ մանրակրկիտ քննարկում ենք մարզային անվճար ակադեմիաների ստեղծման տարբերակները: Սրան զուգահեռ այսօր էլ ACA-ում ունենք պրոֆեսիոնալ ու նվիրված դասախոսական կազմ, որը մարզային դասընթացների դեպքում ամեն շաբաթ մեկնում է ու դասավանդում տեղում:  

 

Մարզերի ներուժը

 

Լեւոն Թադեւոսյան

 

Այսօր Հայաստանի մարզերում միանշանակ մեծ ներուժ կա: Այն ճիշտ իրացնելու համար պետք է հաշվի առնել երկու հանգամանք:

 

Նախ` երիտասարդը պետք է կարողանա հենց տեղում ստանալ որակյալ կրթություն, գտնել աշխատանք եւ այլն: Երկրորդ՝ երիտասարդը, որը եկել է մայրաքաղաք կրթության համար, պետք է ցանկանա եւ հնարավորություն ունենա վերադառնալ մարզ՝ տեղում աշխատելու:

Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը Լեւոն Թադեւոսյանն ու Նարեկ Ասլիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ապակենտրոնացումը շատ կարեւոր է նաեւ տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Վստահ եմ՝ եթե մարզերում աշխատատեղեր լինեն, շատ երեւանաբնակներ էլ կցանկանան տեղափոխվել: Օրինակ՝ հենց Նարեկը: Մի օր, եթե կենտրոն ունենանք Տավուշում կամ Լոռիում միանշանակ է, որ նա թողնելու է գնա (ծիծաղում է–հեղ.):

 

Նարեկ Ասլիկյան

 

Միեւնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ մարզերում աշխատաշուկայի զարգացումը մեկ-երկու կառույցի անելիք չէ։ Այստեղ պետք է միաժամանակ աշխատի մի քանի գործատու եւ, իհարկե, պետությունը։ Դրական է, որ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը կա նաեւ ԲՏԱ նախարարությունում։ Հնարավոր է՝ ընկերությունների համար կարող են խթան դառնալ որոշ արտոնությունները: Այստեղ միասին պետք է աշխատի համայնքը, ընկերությունները, նախարարությունը, ու մենք պատրաստ ենք լինել միջնորդի դերում, քանի որ մասնակցում ենք այս ամենի շահառու անձանց կրթական գործընթացին։

 

«Առանց TEF հիմնադրամի այսօրվա ծրագրերի 90 տոկոսը չէինք իրականացնի»

 

Լեւոն Թադեւոսյան

 

TEF հիմնադրամի գործունեության ընթացքում արդեն կարողացել ենք կրթաթոշակներ տրամադրել հազարավոր մարդկանց։ Առաջին անգամ FAST հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստել ենք 16 մարզային ուսուցչի:

 

Կարողացել ենք իրականացնել ծրագրեր, որոնք նախկինում եւս արել ենք, բայց ոչ այս մասշտաբով ու ոչ այսքան համակարգված։ Այսօր ունենք հստակ տեսլական, կետ, որին ցանկանում ենք հասնել մարզերում:

 

Նարեկ Ասլիկյան

 

Եթե չլիներ TEF հիմնադրամի գաղափարն ու թիմը, այսօրվա ծրագրերի 90 տոկոսն ACA-ն ինքն իրենով չէր կարողանալու իրականացնել։ Սա ինձ համար ամենամեծ չափանիշն է: Մտածելու էինք, ցանկանալու էինք, գիտակցելու էինք՝ որքան կարեւոր են, բայց չէինք հասցնելու։ Անհամեմատ փոքր կլիներ նաեւ կրթաթոշակների ֆոնդը: Այս հիմնադրամն էր, որ մեզ տվեց հնարավորություն դիմորդներին չասել «ոչ»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին