Մարդու թվանշային ստրկությունը եւ դեպի ներս տանող ազատման ճանապարհը - Mediamax.am

exclusive
1730 դիտում

Մարդու թվանշային ստրկությունը եւ դեպի ներս տանող ազատման ճանապարհը


Արամ Մեհրաբյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը
Արամ Մեհրաբյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մարգարյանը
Նարեկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մեհրաբյանը
Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փախուստ իրականությունից, մեկուսացում, ինքնաճանաչման բացակայություն, թվանշային ստրկություն եւ մեծագույն իմաստի կորուստ. այս հարցերի շուրջ էր 2024թ. նոյեմբերի 9-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցած «Ինքնություն եւ արժեքներ» շարքի հերթական հանդիպումը:

 

Քննարկման վերնագիրն էր «Տեխնոլոգիաների եւ սոցիալական մեդիաների դերը իմաստի ճգնաժամի մեջ» խորագիրը: Շարքի վարող Տեր Մեսրոպ քահանա Արամյանը քննարկման էր հրավիրել «Դիլիջանի կենտրոնական դպրոց»-ի տնօրեն, գրահրատարակիչ Արամ Մեհրաբյանին եւ սցենարիստ Նարեկ Մարգարյանին:

 

Մեդիամաքսը ներկա է եղել հանդիպմանն ու գրի առել որոշ դրվագներ:

 

Թվանշային ստրկությունը եւ գողացված ժամանակը

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. Այսօր մենք ականատես ենք մարդկության հոգեկան առողջության կտրուկ վատթարացման, որում տեխնոլոգիաները շատ լուրջ դերակատարություն ունեն: Մասնավորաբար, մենք դա տեսնում ենք մարդու հոգեւոր վիճակի մեջ. մարդու հոգեւոր աշխարհը լիովին քայքայված է, եւ նրա ձեռքից խլել են դրա շուրջ խորհելու ժամանակը:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր մենք խոսում ենք թվանշային ստրկության մասին, եւ իսկապես, մարդուն ազատության որեւէ հնարավորություն տրված չէ: Շատ լուրջ պայքար է պետք, որպեսզի մարդը կարողանա որեւէ բանի համար ժամանակ ազատել: Մենք խոսում ենք իմաստի ճգնաժամի մասին, բայց իմաստը գտնելը եւ իմաստավորման ամբողջ ընթացքը «տիկտոկային», վայրկենական մի բան չէ: Ժամանակ է պետք, որպեսզի մարդը խնդիրների մեջ խորամուխ լինի, իսկ այդ հնարավորությունից այսօր մարդկությունը զրկված է:

 

Նարեկ Մարգարյան. Վերջերս ՏՏ ոլորտի ընկերներս մի հետազոտություն էին արել եւ գտել էին հայկական «ՏիկՏոկ»-ի ամենաշատ «լայք» դրած մարդուն: Նա 709 000 լայք էր դրել իր կողմից «ՏիկՏոկ»-ի օգտագործման ամբողջ շրջանի ընթացքում: Փորձեցինք հաշվարկել. եթե այդ մարդը յուրաքանչյուր լայքը դնելու վրա ծախսում է կես րոպե, ապա նա մոտ մեկ տարի է անցկացրել այդ լայքերը դնելու վրա: Դա վախեցնող թիվ է: Սարսափելի է, թե ինչ է անում մարդն իր կարճ կյանքի հետ:

 

Շատ կարեւոր է հասկանալ՝ ինչպես ենք օգտագործում տեխնոլոգիաները: Ցավոք, միշտ լինելու են մարդիկ, որոնք չարաշահելու են այդ գործիքները:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեխնոլոգիաների կողմից մարդու ստրկացումը նաեւ ինքս ինձ վրա եմ զգում: Յութուբի ալգորիթմն իմ «տնօրենն է», որն ինձ թույլ չի տալիս լիարժեք արձակուրդ գնալ: Այն ինձ դրդում է այնպես կառուցել իմ կյանքը, որ ժամանակին տեղադրեմ տեսանյութերը, այլապես ալգորիթմը ցանկալի դիտումները չի ապահովի:

 

Ալգորիթմները կոչված են կանխատեսելու մեր վարքը: Օրինակ, յութուբը գիտի, որ եթե այս մի տեսանյութը ցույց տա, ես այն կդիտեմ եւ ավելի շատ ժամանակ կանցկացնեմ իր հարթակում: Սակայն ցավոք, ալգորիթմները միայն այդ անմեղ բանի համար չէ, որ կանխատեսում են մեր վարքը:

 

Երբ որ սկսեց քննվել «Cambridge Analytica» ընկերության աշխատանքը Ֆեյսբուքի հետ, պարզվեց, որ Մեծ Բրիտանիայի Բրեքզիտը մեծ մասով պայմանավորված էր ֆեյսբուքի գեներացրած անձնական տվյալների օգտագործմամբ, որով յուրաքանչյուր մարդուն ցույց էր տրվել այն գովազդը, որը առավելագույն ազդեցություն կունենար նրա վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նմանատիպ դեպք բացահայտվել է նաեւ Տրինիդադ եւ Տոբագոյի ընտրությունների ժամանակ: Հաշվարկները ցույց էին տվել, որ եթե 18-25 տարեկան տղամարդ ընտրողների որոշակի զանգված չմասնակցի ընտրություններին, X թեկնածուն կհաղթի: Մշակվել էր համապատասխան սոցիալական արշավ, որն աշխատել էր հենց այդ թիրախային խմբի վրա. նրանք որոշել էին չգնալ ընտրությունների, եւ X թեկնածուն հաղթանակ էր տարել:

 

Տեխնոլոգիաների այս կիրառությունը հսկայական ազդեցություն ունի մեր ամենօրյա կյանքի եւ ապագայի վրա:  

 

Կրթությունն ու մշակույթը՝ որպես պաշտպանական լծակներ

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. Այսօր անուշադրությունը եւ ցրվածությունը երեխաների մոտ հասել է ահռելի աստիճանի: Մեծերի մոտ ոչ պակաս է դրսեւորվում, բայց կրթության մեջ խնդիրն առավել ակնառու է: Ամբողջ աշխարհում հատկապես կրթության մասնագետները տագնապած են՝ ինչ անել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք ունեցել ենք խնդիր, երբ ընդունելության ժամանակ ուսուցիչը երեխաներին բան է ասել, սակայն երեխաները չեն ընկալել, իսկ հետո նույնի ձայնագրությունը լսել են էկրանից եւ անմիջապես ընկալել: Այսինքն՝ արհեստական աշխարհը երեխաների համար դառնում է ավելի իրական, քան իրական աշխարհը: Իրականության եւ արհեստական աշխարհի մեջ մարդը այլեւս չգիտի՝ որտեղ տեղավորվի, եւ մեծ խզումներ են առաջանում մարդկային կյանքում:

 

Արամ Մեհրաբյան. Կարծում եմ, 19-րդ դարում տեղի ունեցավ ամենաջերմ սիրո ավարտը՝ գիտության եւ ճշմարտության միությունը, որովհետեւ գիտությունը հրաժարվեց ճշմարտությունից: Այն ընտրեց մեկ այլ կողակցի՝ ուժը, իշխանությունը: Բուն գիտությունն այլեւս իր մեջ չունի ճշմարտությունը որոնելու, դրան մոտենալու, այն ճանաչելու նպատակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք կարծում ենք, թե անհատը անհատելին է, սակայն այն վաղուց հատվել է՝ ինդիվիդիումը դարձել է դիվիդիում: Պետք է այնպիսի կրթական ծրագրեր լինեն, որոնք կվերականգնեն ամբողջական մարդուն՝ զգացմունքային, հուզական, զգայական եւ բանական: Սրանց միջեւ պետք է ներդաշնակ աշխատանք լինի:

 

Այսօր, ցավոք, աշխարհի նկատմամբ ռացիոնալիստական վերաբերմունքը  բերեց նրան, որ գործում են միայն այն գործիքները, որոնց հասնում է ռացիոնալ տրամաբանությունը: Որեւէ երևույթի հուզական, զգացմունքային, առավել եւս զգայական մասը գնալով նվազում է, ու այստեղ մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք:

 

Նարեկ Մարգարյան. Շատ կարեւոր է, որ պահպանեnք կրթության նկատմամբ կոնսերվատիվ մոտեցումը, քանի որ այն ամենափխրուն, եւ միեւնույն ժամանակ, ամենամեծ ազդեցություն ունեցող համակարգն է:

 

Քաղաքական պահանջներից, մանր օրակարգերից բխող անընդմեջ դասագիրք փոխելու շտապողական մոտեցումը պետք է սահմանափակել, եւ հնարավորինս լուրջ ու ծանրակշիռ կերպով մոտենալ այս ոլորտում ցանկացած փոփոխության:

Նարեկ Մարգարյանը Նարեկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենակարեւոր անելիքներից է նաեւ ընտանիքում օրինակ ծառայելը: Եթե մենք տանը նստած ենք եւ մեր ձեռքին հեռախոսն է, երաշխավորված է, որ մեր երեխան կրկնօրինակելու է այդ վարքագիծը: Եթե մենք տանը գիրք ենք կարդում, ապա այդ վարքագիծն է կրկնօրինակելու: Ես մի քանի անգամ դա ինքս փորձարկել եմ: Մենք ունենք այդ շատ մեծ լծակը՝ սեփական օրինակը, եւ դրանով պետք է դրականորեն ազդենք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մեհրաբյան. Մեր ազգի հազարամյակների ճակատագիրը մեկ բան է փաստել. մեր օրինական գոյությունն այս աշխարհի վրա եւ դրա վավերացումը մշակույթն է: Եթե բոլոր տեխնոլոգիաների, գիտության, մեդիաների աշխատանքի արդյունքում մշակույթ չի ստեղծվում, ապա դրանք անիմաստ են: Ինձ համար մարդը հավասար է մշակի, եւ այսօր ամեն ինչ արվում է մեզ զրկելու դրանից:

 

Մարդու կորուստը եւ ճիշտ հարցերի հրամայականը

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. Մարդու մեքենայացումը ակնառու է: Մարդը կորցնում է մի շարք կարեւորագույն հատկանիշներ: Մարդու ապրումային ամբողջ աշխարհն անհասկանալի վիճակում է գտնվում:

 

Դարեր ի վեր մարդ ասելով հասկացել են որոշակի առաքինություններ ունեցող էակ, սակայն հիմա այդ առաքինությունների մասին խոսելն ավելորդ է դարձել: Անհասկանալի մի էակի է վերածվում մարդը, եւ արդեն խոսում են մարդուն վերածրագրավորելու մասին, եւ ի վերջո հարց կդրվի՝ պե՞տք է այդպիսի էակ, թե՞ ոչ: Սրանք լայնորեն շրջանառվող սցենարներ են, որոնց մենք մոտենում ենք սոսկալի վտանգավոր արագությամբ:

Արամ Մեհրաբյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը Արամ Մեհրաբյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ Նարեկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք կորցրել ենք մարդու ըմբռնումը, մարդու տեսողությունը որպես Աստծո պատկեր եւ նմանություն: Մենք ընդհանրապես չենք հասկանում, թե հասարակությունը ինչ է, ազգը ինչ է, ինչով են մարդիկ իրար հետ միավորված: Այսօր մենք ինքներս մեզ արժեքային տեսանկյունից սահմանելու լրջագույն խնդիր ունենք:

 

Արամ Մեհրաբյան. Հունարենից թարգմանաբար «κρίσις» («կրիսիս»՝ ճգնաժամ) նշանակում է որոշում կայացնելու ուժ: Չգիտես ինչու մեր լեզվում այն ժամանակային չափում է ստացել, եւ մենք անընդհատ ձգում ենք այդ որոշման կայացումը: Հիմա այն պահն է, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե երրորդ դեմքով հարցադրում անի, ինչպես ժամանակին Կանտը ասաց՝ ով է մարդը, այլ առաջին դեմքով՝ ով եմ ես, եւ դրանից բխող մյուս հարցը՝ ով ենք մենք: Սա սարսափելի հարց է, արդյոք մենք ունե՞նք այն օրակարգում:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդկության պատմությունը, հատկապես վերջին ժամանակներում, ուղղված է արտաքին աշխարհին: Մենք հասկացել ենք, որ տիեզերքն անսահման է: Շատ լավ: Մարդու ներսն էլ է տիեզերք եւ անսահման տիեզերք: Այնտեղ այս տեխնոլոգիաները չեն գործելու, այնտեղ այլ տեխնոլոգիաներ են պետք, որպեսզի կարողանաս ներթափանցել եւ հասկանալ այդ ներքին անսահմանությունը: Այս հարցն ունե՞նք օրակարգում: Կարծում եմ՝ ոչ: Մենք շատ հեշտությամբ փակել ենք մեր ներսը եւ կարծում ենք, որ բոլոր լուծումները պիտի գան արտաքին աշխարհից:

 

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա կամք՝ որոշում կայացնելու առանց ժամանակի մեջ ձգելու, եւ տա իրեն այդ հարցն ու հասկանա՝ ով եմ ես:

 

Լուծումների ճանապարհը՝ դեպի ներս

 

Տեր Մեսրոպ. Այսօր խնդիրների խնդիրը ինքներս մեզ գտնելն է: Նարեկացին իր «Մատյան ողբերգության» ստեղծագործության մեջ ասում է. «Ես ինքս ինձ հավաքեցի իմ մեջ»: Նույնիսկ այն ժամանակ մարդու ցրվածության խնդիրը ամենայն սրությամբ դրված է եղել, եւ առավել եւս այսօր, մենք ինքներս մեզ հավաքելու խնդիր ունենք, այլապես արդեն բաշխված ենք անսահման տարածության մեջ: Սրա մասին է խոսում հոգեւոր գիտելիքը: Հոգեւորը նրա համար է, որ մարդն ինքն իրեն գտնի: Աստված մարդացավ այդ կորած մարդուն գտնելու համար, եւ կարելի է ասել, որ քրիստոնեությունը մարդու խորագույն գյուտն էր, որովհետեւ մարդը կորել էր հին աշխարհ հեդոնիստական պատկերացումների՝ հաճույքների եւ տարբեր տեսակի մարդկային աղավաղումների մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդու կյանքում որոշակի բաներից հրաժարվելը շատ կարեւոր է: Եթե մարդը չունի ինքնասահմանափակման կարողություն, որը մարդկային հիմնական առաքինություններից մեկն է, ապա, համաձայն հազարամյակներով ձեւավորված պատկերացումների, մարդը պարզապես վնասված է:

 

Մարդը պետք է կարողանա կառավարել իր ցանկությունները: Եվ այս կերպ մենք պետք է փոքրուց դաստիարակենք մեր երեխաներին, եւ ամենակարեւորը՝ ինքներս իրագործված լինենք ու անձնական օրինակով ցույց տանք դա մարդկանց:

 

Պետք է նաեւ հասկանանք, թե հանուն ինչի ենք մենք սահմանափակում: Եթե չկա այդ մեծ գաղափարը, մեծ նպատակը, կյանքի իմաստը, ապա այդ սահմանափակումները չեն աշխատի: Մեզանից խլել են կամ փորձում են խլել այդ իմաստը, իսկ երբ իմաստազրկվում է կյանքը, հաճույքներին տրվելն անխուսափելի հետեւանք է: Եթե մարդը կորցնում է Աստծուն, ինքնապաշտանմունքը, եսակենտրոնությունը, եսասիրությունն անխուսափելի են դառնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որպեսզի մարդը կարողանա ճիշտ կերպով տեսնի իրեն շրջապատող աշխարհը, նախ պետք է ինքն իրեն գտնի: Մենք առողջ ասկետիզմի կարիք ունենք, պիտի կարողանանք ինքներս մեզ սանձել եւ, ի վերջո, մարդու մեծագույն հաղթանակը հաղթանակն է ինքն իր նկատմամբ: Դրա համար է Քրիստոնեությունը, դրա համար է հոգեւոր գիտակցությունը, եւ դա ամենակարեւոր խնդիրն է, որ այսօր մարդու առջեւ դրված է:

 

Գրի առավ եւ լուսանկարեց Գայանե Ենոքյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին