Ուսուցիչները սովորում են ինքնուրույն «լողալ» նոր իրավիճակում - Mediamax.am

exclusive
3660 դիտում

Ուսուցիչները սովորում են ինքնուրույն «լողալ» նոր իրավիճակում


Լուսանկարը` Մեդիամաքս/ Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/ Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/ Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/ Վաղինակ Ղազարյան


2020 թվականի մարտին, երբ արտակարգ դրություն հաստատվեց եւ կառավարությունը որոշեց, որ ուսումնական հաստատություններում դադարեցվում է կրթական գործընթացը, հայտարարվեց՝ բոլորն անցնում են հեռավար կրթության: Աշակերտ ու ուսուցիչ, դասախոս ու ուսանող սկսեցին բջջային հեռախոսի, համակարգչի ու ինտերնետի հարց լուծել:

 

Առաջին խնդիրը չլուծած՝ երկրորդն ի հայտ եկավ: Պարզ էր, որ հեռավար ուսուցման համար միայն համակարգիչն ու ինտերնետը բավարար չեն: Նոր մեթոդներ են անհրաժեշտ ու դրանց տիրապետող մասնագետներ:

 

«Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ նախագահ Սաթենիկ Առաքելյանն ասում է, որ Հայաստանում սկսվեց հեռավար կամ էլեկտրոնային ուսուցում իրականացվել՝ այդ ոլորտում քիչ գիտելիք ունենալով:

 

«Հեռավար կրթությունը հեռախոսն ու ինտերնետը չեն, առաջին հերթին՝ բովանդակությունն է, որը պետք է համապատասխան ձեւաչափով ներկայացվի: Դա  հեռախոսով նկարած գիրքը կամ սքաներով հանված նյութը չէ, այլ հատուկ էլեկտրոնային ֆորմատով, մշակված ինտերակտիվ բովանադակությունն է: Դասավանդողը պետք է փոխգործակցության մեջ մտնի ուսանողի հետ, որպեսզի նա կարողանա ոչ միայն կարդալ, այլ նաեւ տեսնել, լսել, իրականացնել, դրա հիման վրա ձեռք բերած գիտելիքը ստուգել եւ սեփական կարողությունները ձեւավորել»,-ասում է Սաթենիկ Առաքելյանը:

 

«Հեռավար ուսուցման ազգային ցանց»-ն արձագանքեց կրթության ոլորտում ստեղծված բարդ իրավիճակին, որոշեց կիսվել իր փորձով եւ կազմակերպել «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով առցանց դասընթացներ:

 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ մշակված ծրագրերով՝ ազգային ցանցը տարիներ շարունակ վերապատրաստում է բուհերի եւ նախնական ու միջին մասնագիտական կրթական ուսումնական (ՄԿՈՒ) հաստատություններում դասավանդողներին:

Լուսանկարը` Մեդիամաքս/ Վաղինակ Ղազարյան

Այս անգամ վերապատրաստումները ՄԿՈՒ մասնագետների համար էին, որովհետեւ այս օրերին նրանք առավել շատ ունեն օգնության կարիք: 3 փուլով անցկացված դասընթացներին Հայաստանից ու Արցախից 158  մասնագետ է մասնակցել: Քանի որ դիմել էին նաեւ հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, մի փուլ էլ նրանց համար է կազմակերպվել:

 

«Մենք հստակ հասկանում էինք, որ մասնակիցների ռեսուրսները բավականին սահմանափակ են: Այդ պատճառով փորձագետները որոշեցին, որ ամենակարեւորը մեթոդաբանությանն անդրադառնալն է: Դասավանդողները քարտեզագրեցին իրենց ռեսուրսներն ու հասկացան՝ ինչպես դրանք համադրել, ինչ տեխնոլոգիաներ կիրառել, որ կարողանա ապահովել կրթության արդյունավետությունը:

 

Ուսուցիչներից մեկն ասաց՝ ունեմ 44 աշակերտ, որոնք չունեն ինտերնետ, չունեն սմարթֆոն, համակարգիչ, ոմանք նույնիսկ հեռուստացույց չունեն: Ի՞նչ անեմ: Բավականին առողջ առաջարկ եղավ՝ տպեք այդ բովանդակությունը, փաթեթներ պատրաստեք, եթե չեք կարող հասցնել աշակերտներին, ուղարկեք փոստով: Լուծում է, որը չի պահանջում ֆինանսներ, նոր տեխնիկա, այլ՝ ավելի շատ ստեղծագործական միտք եւ մեթոդաբանական հմտություններ:

Լուսանկարը` Մեդիամաքս/ Վաղինակ Ղազարյան

Եթե նայենք դինամիկային, դժգոհությունները սկսում են նվազել: Իրավիճակն այնպիսին է, կարծես, մարդուն գցել են ջուրը, եւ հիմա նա փորձում է ինքնուրույն լողալ սովորել: Բայց եթե ուսուցիչները նախապես ունենային որոշակի ուղեցույցներ, նրանց համար շատ ավելի հեշտ կլիներ»,-ասում է GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը:

 

Նա նշում է, որ Հայաստանում ուսումնական հաստատությունների միայն 20-22 տոկոսն էր այս կամ այն չափով պատրաստ արձագանքելու ստեղծված իրավիճակին:

 

Առցանց վերապատրաստումը կամավորության սկզբունքով է եղել, բայց ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է ՄԿՈՒ-ներին ու հորդորել, որ յուրքանչյուր հաստատություն առնվազն մեկ ներկայացուցիչ ունեն, որն էլ ստացած հմտությունները փոխանցի գործընկերներին:

 

Հայաստանում 101 հաստատություն իրականացնում է նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր: Եթե տեսական առարկաների դասավանդումը հնարավոր է առցանց կազմակերպել, ապա, օրինակ, ապագա գինեգործի, խոհարարի, վարսավիրի կամ ոսկերչի ուսումնական պրակտիկայի կազմակերպումը լուրջ խնդիր է դառնում:

Լուսանկարը` Մեդիամաքս/ Վաղինակ Ղազարյան

«Փորձեցինք այս խնդրին լուծում տալ տեսահոլովակների միջոցով: Սա չի կարող ամբողջությամբ փոխարինել այն գործնական աշխատանքը, որ իրենք կիրականացնեին գործատուի մոտ, բայց դասախոսներն այդ տեսահոլովակների միջոցով փորձեցին տարբեր մասնագիտությունների գծով երեխաներին որոշակի հմտություններ փոխանցել: Չեմ կարող ասել, որ մենք 100 տոկոսով փակեցինք այդ դաշտը, նույնիսկ ուսումնական պլաններից շեղումներ են եղել, բայց փորձեցինք անել՝ ինչ հնարավոր է»,-ասում է ԿԳՄՍ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

 

ԿԳՄՍ նախարարությունը մարտի վերջին սկսեց համակարգչային սարքերի հավաքագրում, քանի որ ըստ նախարարի՝ 24 հազար ուսուցիչ եւ աշակերտ չունեն համակարգիչ եւ անհրաժեշտ այլ սարքավորումներ: Արտակ Աղբալյանն ասում է, որ ՄԿՈՒ հաստատություններում այս խնդրին ավելի շատ բախվում են ոչ թե ուսուցիչները, այլ ուսանողները: 3-4 հազար ուսանող, հիմնականում՝ մարզաբնակ եւ սոցիալապես անապահով, հեռավար դասերին մասնակցելու համար չունեն համապատասխան տեխնիկական միջոց:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին