Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը միացել է Եվրամիության հետազոտության եւ նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին:
Համապատասխան համաձայնագիրը նախօրեին կնքվել է Բրյուսելում Հայաստանի կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ:
«Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն 2020»-ին՝ ԵՄ-ի Հետազոտության եւ Նորարարության շրջանակային ծրագրին, անկասկած նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ակադեմիական մտքի զարգացման համար՝ վերահաստատելով հայերի՝ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս լինելը»,- հայտարարել է Լեւոն Մկրտչյանը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար խոսքով՝ համաձայնագրի արդյունքները Հայաստանին թույլ կտան միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացնել՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող հետազոտողների, խթանել գիտահետազոտական ենթակառուցվածքների զարգացումը, բարձրացնել հետազոտության եւ նորարարության ոլորտում ներդրումների մակարդակը:
Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ Հայաստանի միացումը «Հորիզոն 2020»-ին ՀՀ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ԵՄ հանձնառության կոնկրետ օրինակ է:
Ծրագրի միջոցով Հայաստանի հետազոտական հիմնարկները եւ մասնավոր ոլորտը հնարավորություն կունենան ֆինանսավորում ստանալու առաջնակարգ հետազոտությունների իրականացման եւ գիտության զարգացման համար:
«Հորիզոն 2020» ծրագրի միանալու համաձայնագրի նախապատրաստման հիմքում ընկած են Բոլոնիայի գործընթացը, բարձրագույն կրթական հաստատությունների հավատագրման գործընթացը, Տեմպուս, Էրազմուս+, ԵՄ 7-րդ շրջանակային ծրագրերը:
Ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում:
«Հորիզոն-2020»-ին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին 2013թ. հուլիսին:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: