Երեւան: Մեդիամաքս: ARMACAD-ը կազմակերպում է երրորդ միջազգային հայագիտական ամառային դպրոցը, որը կանցկացվի 2016 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը Հայաստանում:
21օրյա ամառային դպրոցը մասնակիցներին առաջարկում է բարելավել ժամանակակից հայերենի գրավոր եւ բանավոր կիրառման հմտությունները: Ծրագիրը նաեւ հնարավորություն է տալիս խորացնել մասնակիցների գիտելիքները հայ գրականության, պատմության եւ արվեստի վերաբերյալ:
Ամառային դպրոցը ներառում է դասախոսություններ, այցելություններ տեսարժան վայրեր, թեմատիկ քննարկումներ եւ սեմինարներ: Յուրաքանչյուր օր մասնակիցները կունենան հայոց լեզվի երկու դաս, որոնց կհաջորդեն հայ գրականության, պատմության, մարդաբանության, արվեստի, մշակույթի, բանասիրության, քաղաքականության եւ այլ թեմաներով դասախոսությունները:
Ամառային դպրոցին մասնակցելու են հրավիրվում 18 տարին լրացած այն անձինք, ովքեր ցանկանում են հիմնավոր զարգացնել արեւելահայերենի իմացությունը, ինչպես նաեւ խորացնել գիտելիքները հայագիտության եւ Հայաստանի վերաբերյալ:
Մասնակիցները 15 օրերի ընթացքում կմասնակցեն 45 ժամյա հայոց լեզվի դասընթացի, որը կենտրոնացած կլինի քերականության, ընթերցանության, գրավոր եւ բանավոր խոսքի վրա: Եվս 24 ժամ դասընթացներ նվիրված կլինեն հայ գրականությանը, պատմությանը, արվեստին, մշակույթին եւ այլն:
Ամառային դպրոցը կուղեկցվի նաեւ ընդհանուր առմամբ 6 օր տեւողությամբ ուղեւորություններով դեպի Տաթեւի վանական համալիր, Ջերմուկ, Էջմիածին, Գառնու հեթանոսական տաճար, Սեւանա կղզի, Իջեւան, Դիլիջան եւ Ծաղկաձոր: Նախատեսված են նաեւ թանգարանային, մշակութային եւ գիտական հաստատությունների այցելություններ Երեւանում:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր ունեն հայերենի միջին կամ տարրական գիտելիքներ: Դասախոսություններն օգտակար կլինեն եւ բակալավրիատի եւ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների, ինչպես նաեւ հայագիտություն եւ հարակից թեմաներ ուսումնասիրող գիտնականների համար:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: