«Արարատյան բակալավրիատ»` հայալեզու եւ հայաշունչ միջազգային կրթություն - Mediamax.am

14500 դիտում

«Արարատյան բակալավրիատ»` հայալեզու եւ հայաշունչ միջազգային կրթություն


Տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մատենադարանում այսօր մտավորականների եւ հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային քննարկումը:

«Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» նախաձեռնել են «Այբ» կրթական հիմնադրամը եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ:

 

Ծրագրով նախատեսվում է ՀՀ-ի դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր` «Արարատյան բակալավրիատ» («Այբ Բեն» կամ ԱԲ), եւ պատրաստել այդ ծրագրին որակավորման ուսուցիչներ:

 

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը իր ելույթում նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել ուսուցիչների, ովքեր պատրաստ են փոփոխությունների եւ գիտակցում են իրենց առաքելությունը:

 

«20-րդ դարի սկզբում Գեւորգյան ճեմարանում դասավանդում էին Աճառյանը, Մանանդյանը, Երվանդյանը, Կոմիտասը: Նրանց հետ հանդիպումն արդեն իսկ հեղաշրջում էր մարդկանց հոգիները եւ կրակ վառում նրանց սրտերում:  Ահա այսպիսի որակներ էինք ուղղորդում դեպի կրթություն: Այդ իսկ պատճառով դարեր շարունակ մեր կրթությունը լավագույնն էր տարածաշրջանում: Դարասկզբին Պոլսի, Թիֆլիսի, Մոսկվայի լավագույն դպրոցները հայկական են եղել»,-ասել է նա:

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կարծիքով ուսուցիչներին անհրաժեշտ է զինել արդի մեթոդոլոգիաներով, կրթական ծրագրերով եւ տեխնոլոգիաներով: «Աշխարհի լավագույն կրթական համակարգերի հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջատար ուսուցիչների կրիտիկական զանգված ունեցող երկրներն այսօր լավագույնն են աշխարհում»,-շեշտել է նա:

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծել է, որ Արարատյան բակալավրիատը որեւէ միջազգային ծրագրի պատճենը չի լինելու, այն մեկտեղելու է լավագույն փորձերը եւ ստեղծելու է սեփականը` ազգային արժեհամակարգի հիմքի վրա:

 

«Շատ կարեւոր է, որ այս կրթական համակարգը հայալեզու է` հայերենը պաշտոնական լեզուն է եւ հայաշունչ է` հայկական արժեքներով է առաջնորդվում: Մենք պետք է դաստիարականենք հայի, ով կկարողանա ստանձնել այս ժողովրդի ապագայի պատասխանատվությունը, կունենա պատկանելիության զգացողություն, կլինի իր մշակույթի մի մասնիկը»,- ասել է նա:

 

Տասնամյա ծրագրի առաջին տարիներին (2014-16թթ.) տեղի կունենա «Արարատյան բակալավրիատի» համաքննումը, լրամշակումը եւ միջազգային հավաստագրումը: 2016-2019թթ. 12 դպրոցներ Հայաստանում (2 դպրոց Երեւանից եւ մեկական յուրաքանչյուր մարզից) եւ 1 դպրոց ԼՂՀ-ում ամբողջությամբ կանցնեն «Արարատյան բակալավրիատի»` հավաստագրված միջազգային ուսուցիչներով:

 

2019-2023թթ. «Արարատյան բակալավրիատը» կներդրվի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բոլոր ավագ դպրոցներում, որակավորում կստանան մոտ 2.000 ԱԲ ուսուցիչ եւ մոտ 20.000 ուսուցիչ կհայտնվի ծրագրի ազդեցության շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին