Բրյուս Պողոսյան. ՀԱՀ-ի ռազմավարական ծրագիրը միտված է կարողությունների կերտմանը - Mediamax.am

Փետրվար 04, 2026
exclusive
321 դիտում

Բրյուս Պողոսյան. ՀԱՀ-ի ռազմավարական ծրագիրը միտված է կարողությունների կերտմանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գալիք տասնամյակին ընդառաջ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ռազմավարական զարգացման 2024-2034 թվականների ծրագիրն ուրվագծում է ապագա առաջնորդներ կրթելու այնպիսի տեսլական, որով նրանք կկարողանան նշանակալի ներդրում ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի զարգացման գործում: Մեդիամաքսի հետ զրույցում ՀԱՀ-ի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը ներկայացրել է համալսարանի զարգացման առաջնահերթությունները՝ այդ թվում նախատեսված նոր մասնաշենքի կառուցում, հետազոտական կարողությունների ընդլայնում, ինչպես նաեւ բակալավրի, մագիստրատուրայի ու դոկտորական նոր ծրագրերի հաջորդական ներկայացում: Նա նաեւ անդրադարձել է պետականաշինության հիմնաքարային գործոններին, եւ Հայաստանի ապագայի կերտման հարցում համալսարանի դերակատարությանը։ 

 

- Մեր նախորդ հարցազրույցում, որը շուրջ երկու տարի առաջ էր, Դուք նշել էիք, որ ՀԱՀ-ի զարգացման առաջնահերթություններից մեկը նոր ակադեմիական մասնաշենքի կառուցումն է, քանի որ համալսարանը ստիպված է մերժել  լավ ցուցանիշներ ունեցող մի շարք դիմորդների՝ զուտ ֆիզիկական սահմանափակ տարածքի պատճառով։ Համալսարանի 2024-2034 թվականների ռազմավարարական ծրագիրն այժմ ապագայի զարգացումը հստակորեն կապում է նոր մասնաշենքի կառուցման հետ։ Ներկայումս ի՞նչ փուլում են այս աշխատանքները։

 

- Խնդիրը, որի մասին նշեցիք, դեռեւս չի վերացել։ Մենք չունենք բավարար տարածք՝ առաջադրված չափանիշներին համապատասխանող բոլոր դիմորդներին ընդունելու համար, ուստի շարունակում ենք հետամուտ լինել Երեւանում մեր ենթակառուցվածքների ընդլայնմանը՝ Սոսե փողոցի վրա մեզ պատկանող հողատարածքում նոր մասնաշենքի կառուցապատմամբ։ Ներկայումս մեր ճարտարապետներն ավարտին են հասցրել նախագծային թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը, եւ մենք մեկնարկել ենք դիմում ներկայացնելու փուլը։ Կառուցապատման համար որոշ ժամանակ կպահանջվի, սակայն մեր աճն այս հանգրվանում սահմանափակվում է ֆիզիկական տարածքով, միեւնույն ժամանակ, ՀԱՀ-ի կրթության պահանջարկը շարունակում է աճել, ուստի սա մեզ համար հրամայական է։ 

 

Բացի այդ, մենք հավաստիացրել ենք Հայաստանի կառավարությանը, որ երբ նրանք ավարտին հասցնեն նախատեսված ակադեմիական քաղաքի աշխատանքների առաջին փուլը, մենք պատրաստ ենք մաս կազմել դրան: Որեւէ հակասություն չենք տեսնում Ակադեմիական քաղաքի մաս լինելու եւ Սոսե փողոցի մեր նախագծի միջեւ։ Մենք, անշուշտ, հետաքրքրված ենք Ակադեմիական քաղաքի հանրակացարանային տարածքով     , որի խիստ կարիքն ունենք, եւ որքան տեղյակ եմ, այն առաջիններից է շահագործման հանձնվելու։ Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի այնտեղ կառուցել նաեւ խիստ անհրաժեշտ լաբորատոր տարածքներ եւ, գուցե կդիտարկենք այնտեղ տեղափոխել մեր կրթական ծրագրերից մեկը կամ մի քանիսը, երբ Ակադեմիական քաղաքը պատրաստ լինի մեր կողմից նման մասնակցություն ընդունելուն։ 

 

-ՀԱՀ-ի տարածքային հնարավորությունների ընդլայնումը թույլ կտա զարգացնել նաեւ հետազոտական կարողությունները։ Ի՞նչ այլ քայլեր է ձեռնարկում համալսարանը հետազոտական կարողությունների հզորացման համար: 

 

- Սոսե փողոցի նոր մասնաշենքի կառուցումը մեզ թույլ կտա ընդլայնել լաբորատոր տարածքները, ինչն առանցքային է հետազոտական կարողությունների զարգացման համար: Սա ՀԱՀ-ի ռազմավարական զարգացման ծրագրի մեկ այլ կարեւոր ուղղություն է: 

 

Այս ուղղությամբ զարգացման ամենահստակ քայլերից մեկը մեր այն մոտեցումն է, որով հետազոտությամբ ակտիվորեն զբաղվող դասախոսական կազմին ազատում ենք որոշակի դասընթացներից: Երբ տվյալ ֆակուլտետը դրսեւորում է հետազոտական ուժեղ կատարողական, ինչպիսին են բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում գիտական աշխատանքների հրապարակումը եւ հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավումն ու արդյունավետ մենթորության տրամադրումը, ապա մենք շահագրգիռ ենք թեթեւացնելու նրանց դասավանդման ծանրաբեռնվածությունը, որպեսզի դասախոսներն ավելի շատ ժամանակ ունենան իրենց հետազոտական ծրագրերի վրա կենտրոնանալու համար: Այս մոտեցմանն աջակցում է ինչպես մեր Պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտությունների եւ պարգեւների հանձնաժողովը (անգլ․՝ Faculty Research and Awards Committee), այնպես էլ JACE հիմնադրամի նոր մեկնարկած դրամաշնորհային ծրագիրը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետամուտ լինելով այս նպատակին՝ մենք այժմ ՀԱՀ ընդունվող լրիվ դրույքով նոր դասախոսներից պահանջում ենք ունենալ հետազոտական աշխատանքների ակտիվ օրակարգ: 

 

Մենք ակնկալում ենք, որ լրիվ դրույքով աշխատանքի ընդունվող դասախոսները կունենան հրապարակումների ակտիվ ցանկ, միջազգային հետազոտական համագործակցություններ, ճանաչում իրենց մասնագիտացման ոլորտներում, ինչպես նաեւ ներդրում՝ թե՛ համալսարանի, թե՛ մասնագիտության զարգացման գործում։

 

Սա ամրագրված է մեր ռազմավարությունում, եւ մենք աշխատում ենք պրոֆեսորադասախոսական կազմի համար էլ ավելի կոնկրետ կատարողականի ցուցիչներ սահմանելու ուղղությամբ, որպեսզի այս հայեցակարգերը հստակ չափելի լինեն։ 

 

2024 թվականի աշնանը մենք դարձանք Հայաստանի առաջին համալսարանը, որը հիմնեց Դրամաշնորհային ծրագրերի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ (OSP&TT)` համալսարանում մտավոր սեփականության կառավարման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եւ վերահսկման համար։ Գրասենյակը ստեղծել է գյուտերի մասին տեղեկատվության պորտալ, որի միջոցով մեր աշխատակիցները կարող են գրանցել համալսարանում իրենց ստեղծած մտավոր սեփականությունը եւ ստանալ դրա վերաբերյալ խորհրդատվություն։ Մեր տեղեկություններով՝ գրասենյակը մեր դասախոսական կազմի անդամներից մեկի հետ համատեղ աշխատել է ՀՀ–ում գործող համալսարանի կողմից ներկայացված առաջին արտոնագրային հայտը ներկայացնելու ուղղությամբ, եւ ներկայումս մշակման փուլում են նաեւ այլ հայտեր։

 

Մենք նաեւ ակտիվորեն համալրում եւ զարգացնում ենք միջազգային միջմասնագիտական գործընկերությունները: Նախորդ տարի ՀԱՀ-ը հայտարարեց Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի՝ ԷԹԻԿԱ-ի մեկնարկի մասին, որը ստեղծվել է Եվրոպական միության հետազոտական եւ գիտական կարողությունների զարգացմանը միտված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «Եվրոպական հետազոտական տարածք» (ERA Chair) նախաձեռնության 2.5 մլն եվրո դրամաշնորհով։ 

 

Մինչ օրս Հայաստանն առաջին երկիրն է Հարավային Կովկասում, որը ստացել է «Եվրոպական հետազոտական տարածք»-ի դրամաշնորհ: Առաջին անգամ այս դրամաշնորհը Հայաստանում տրվել է 2022 թվականի նոյեմբերին դոկտոր Նարինե Սարվազյանին (AUA William Frazer Endowed Professorship), որի ծրագիրն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: 

 

ՀԱՀ-ի Յակոբեան բնապահպանական կենտրոնը ղեկավարում է Հայաստանում Էներգետիկայի տրանսֆորմացիայի ոլորտում կլիմայական լուծումների գիտական հետազոտությունների զարգացման ծրագիրը (ԷՏԿԼԳՀԶ/ STREACS), որը եւս ֆինանսավորում է ԵՄ-ի «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում նման մասշտաբի ավելի շատ հետազոտական նախաձեռնությունների մասին կհայտարարվեն։ 

 

Միեւնույն ժամանակ մենք աշխատում ենք պրոֆեսորադասախոսական կազմի ու վարչական անձնակազմի կարիերային հնարավորությունների զարգացման, ինչպես նաեւ միջազգային համալսարանների վարկանշային համակարգում ՀԱՀ–ի դիրքի հզորացման ուղղությամբ։ Շատ աշխատանք կա անելու, քանի որ նպատակ ունենք  դառնալու ավելի հետազոտահեն համալսարան: 

 

- ՀԱՀ-ի ռազմավարական ծրագրում նախանշված մեկ այլ նպատակ է բակալավրի նոր կրթական ծրագրերի ներկայացումը՝ աջակցելու համալսարանի աճին եւ ավելի լավ արձագանքելու երկրի կարիքներին: Ի՞նչ նոր ծրագրեր կարող ենք ակնկալել գալիք տարիներին, եւ որո՞նք են այն չափանիշները, որոնցով համալսարանում որոշում են՝ ինչպիսի ծրագրեր մեկնարկել: 

 

- Բակալավրի նոր կրթական ծրագրերի ներկայացումը սերտորեն կապված է ՀԱՀ-ի կրթության աճող պահանջարկի եւ Հայաստանի կրթական պահանջների բավարարման մեր նպատակի հետ: Ներկա դրությամբ ՀԱՀ-ն առաջարկում է ավելի շատ մագիստրոսական ծրագրեր, քան բակալավրի՝ չնայած նրան, որ մեր բակալավրի ուսանողների քանակն անհամեմատ ավելի շատ է: Այդ իսկ պատճառով մենք պետք է հավասարակշռենք մեր ակադեմիական պորտֆոլիոն՝ ներկայացնելով բակալավրի աստիճանի լրացուցիչ ծրագրեր: 

Լուսանկարը` Մեդիամաքս

2025 թվականի սեպտեմբերին մենք մեկնարկեցինք Տնտեսագիտության բակալավրի ծրագիրը՝ որպես Հայաստանի Կենտրոնական բանկի հետ մեր երկարատեւ համագործակցության ընդլայնում: Որոշ դեպքերում բակալավրի նոր ծրագրերի ներկայացումը կներառի արդեն իսկ առկա ծրագրերի կատարելագործում: Օրինակ՝ մենք այժմ ունենք Ճարտարագիտության բակալավրիատի ծրագիր, որը ամենայն հավանականությամբ կբաժանենք 2-3 ավելի մասնագիտացված ծրագրերի՝ մեխանիկական ճարտարագիտություն, էլեկտրատեխնիկա եւ հավանաբար մեխատրոնիկա: 

 

Այլ դեպքերում նոր կրթական աստիճաններ զարգացնելու համար մենք կարող ենք հենվել արդեն իսկ առկա դասընթացների վրա։ Օրինակ՝ արդեն ունենք մաթեմատիկայի դասընթացներ, որոնց մի քանի նորերն ավելացնելու ու հանձնառու դասախոսական անձնակազմ հավաքելու պարագայում կստեղծենք կիրառական մաթեմատիկայի բակալավրի ծրագիր։ 

 

Ավիատիեզերական ճարտարագիտությունը մեկ այլ հնարավոր ուղղություն է, որն այժմ ուսումնասիրում ենք Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության հետ գործընկերությամբ:

 

Միեւնույն ժամանակ, մենք շարունակում ենք զարգացնել մեր մագիստրոսական ծրագրերը: «Լրագրության մագիստրոս» ծրագիրը ներկայացրինք 2025 թվականի հունիսին, եւ հիմա աշխատում ենք «Կրթության մագիստրոս» ծրագրի ուղղությամբ: 

 

Նոր կրթական ծրագրեր մշակելիս մեր առաջին քայլերից մեկը շուկայի ուսումնասիրությունն է՝ գնահատելու Հայաստանում տվյալ կրթական աստիճանի պահանջը: Մեր նպատակն է համոզվել, որ մեր շրջանավարտները կկարողանան աշխատանք գտնել՝ նախընտրաբար Հայաստանում, եւ կնպաստեն երկրի տնտեսությանը, կառավարմանն ու երկարաժամկետ զարգացմանը: 

 

Վերադառնալով Ձեր հարցին՝ վերլուծության հիման վրա մենք պատրաստում ենք տվյալ կրթական աստիճանի անհրաժեշտությունը պարզաբանող առաջարկ, որը վերանայվում է ինչպես մեր ամերիկյան հավատարմագրող WASC-ի (Դպրոցների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիա), այնպես էլ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: Առաջարկը դիտարկվում է ուշադրության կենտրոնում ունենալով այն, թե արդյոք իսկապես կա դրա նման ծրագրի եւ այդ կրթական աստիճանով շրջանավարտների կարիք, ինչպես նաեւ արդյոք նախատեսված բյուջեն պատշաճ է: 

 

Որոշ դեպքերում նոր կրթական ծրագրերի մեկնարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դրանք նպատակ ունեն լրացնելու և զարգացնելու արդեն իսկ գոյություն ունեցող ակադեմիական առաջարկները։

 

- Ռազմավարական զարգացման ծրագիրը նաեւ նախատեսում է ՀԱՀ-ի առաջին դոկտորական ծրագրերի մեկնարկը: Ո՞ր ոլորտներում են դրանք լինելու: 

 

- Ph.D. ծրագրերի մեկնարկի շուրջ քննարկումները հիմնականում երկու ոլորտի են վերաբերում՝ համակարգչային գիտութուններ եւ տնտեսագիտություն, վերջինը Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ: Նման ընտրության հիմնական պատճառն այն է, որ մեր առաջին դոկտորական ծրագրերը պետք է հիմնենք այնպիսի ոլորտներում, որոնցում արդեն իսկ ունենք համապատասխան խորության փորձառություն, ասպիրանտներին խորհրդատվություն տրամադրելու ունակ դասախոսական կազմ, ինչը էական նվիրում է պահանջում: 

 

Եթե մագիստրոսներից ակնկալվում է գրել թեզ, որը նրանց կհասցնի իրենց ոլորտի առաջատար դիրքեր, եւ թերեւս մի փոքր ավելի, ապա ասպիրանտներից պահանջվում է նոր հայտնագործություն։ Այս մակարդակի հետազոտությունը պահանջում է հսկայական խորհրդատվական ներգրավվածություն դասախոսական կազմի կողմից: 

 

Այս առումով տնտեսագիտության ոլորտում մենք լավ դիրքերում ենք: Տնտեսագիտության մագիստորսական ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, գործում է 2013 թվականից: Վերջերս մենք ներկայացրինք նաեւ տնտեսագիտության բակալավրի ծրագիրը։ Այս փուլում ունենք հետազոտական բնագավառում ակտիվ գործունեություն ծավալող տնտեսագիտության դասախոսներ, որոնց հետազոտական աշխատանքները լայնորեն հրապարակվում են, Հայաստանի տնտեսագիտական ասոցիացիայի ակտիվ անդամներ են, համագործակցում են համաշխարհային մակարդակի հետազոտողների հետ եւ ունեն միջազգային համալսարաններում դասավանդման փորձ: Այս ամենի բերումով՝ նրանք լիարժեք պատրաստված են ասպիրանտներին ուղղորդելու համար: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նույն վստահությամբ կարող եմ ասել, որ համակարգչային գիտությունների ոլորտում եւս ունենք համադրելի խորության մասնագիտական փորձառություն ունեցող դասախոսներ: Ահա թե ինչու են այս երկու ոլորտները նախանշվել որպես ՀԱՀ-ի առաջին դոկտորական ծրագրերի համար ամենակենսունակ տարբերակներ։

 

Այս ծրագրերի մեկնարկի ամենավաղ ժամկետը 2027 թվականի սեպտեմբերն է, թեեւ 2028 թվականի սեպտեմբերն առավել հավանական է: 

 

- Ձեր համալսարանը նաեւ մեծապես կարեւորում է միջմասնագիտական մտածողությունը եւ ընդհանուր կրթության հայեցակարգը։ Ինչպե՞ս է ՀԱՀ-ի Ընդհանուր կրթության ծրագիրը ծառայում այս նպատակին, եւ ինչու՞ է դա առանցքային մերօրյա գլոբալ միջավայրում։ 

 

 - ՀԱՀ-ը հոգում է Հայաստանի աճող տնտեսության համար պահանջված մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերի հասանելիության մասին, եւ մեր ուսանողները շատ բարձր ցուցանիշներ ունեն արդյունաբերական ոլորտ մուտք գործելու կամ այլ ակադեմիական աստիճանների անցնելու առումներով։ Միեւնույն ժամանակ, չնայած մենք աջակցում ենք եւ հարգում ենք այն ամբողջ աշխատանքը, որ կատարում են մասնագիտական ուսումնարանները, եւ միեւնույն ժամանակ ցանկանում ենք համոզվել, որ մեր ուսանողները պատրաստ են անցնելու աշխատանքի ավարտելուն պես, մենք մասնագիտական ուսումնարան չենք։ Մեր նպատակը բազմակողմանի կրթված անհատների ձեւավորումն է, որոնք ծանոթ են ինտելեկտուալ պատմության բոլոր մեծագույն գաղափարներին՝ լինեն դրանք բնական գիտությունների, սոցիալական, թե հումանիտար գիտությունների ոլորտից՝ անկախ ուսանողի առաջին մասնագիտացումից։ 

 

Այդ իսկ պատճառով, ՀԱՀ-ի ակադեմիական աստիճանը կառուցվում է երկու անբաժանելի բաղադրիչների հիմքով՝ հիմնական մասնագիտացում եւ ընդհանուր կրթություն։ Եթե հիմնական մասնագիտությունը ուսանողներին տրամադրում է խորքայնություն, նեղ մասնագիտացում եւ նախապատրաստում կարիերային, ընդհանուր կրթությունը տրամադրում է լայնախոհություն, ընդհանուր գիտելիքի հիմքեր եւ կյանքի հմտություններ։ Այն նպատակ ունի զարգացնելու բարեխիղճ քաղաքացիների եւ խնդիրներ լուծողների, որոնք հանձնառու են նպաստելու իրենց ոլորտների ու հասարակության զարգացմանը: Մեր նպատակն է տրամադրել մեր ուսանողներին գիտելիքի, հմտությունների ու հեռանկարների ընդարձակ հիմքեր։ 

 

Այս մոտեցումը ներկայացնող շատ օրինակներ կարող եմ նշել։ Եթե Ձեր առաջին մասնագիտացումը քաղաքական գիտությունների կամ բնապահպանական գիտությունների ոլորտում է, լավ է գլուխ հանել նաեւ տնտեսագիտությունից։ Եթե Ձեր առաջին մասնագիտացումը տնտեսագիտությունն է կամ քույրական գործը, լավ կլինի, որ մի քիչ մաթեմատիկա իմանաք։ Եթե Ձեր առաջին մասնագիտացումը համակարգչային գիտությունների կամ արհեստական բանականության ոլորտում է, լավ է ծանոթ լինել էթիկային, թեպետ իրականում բոլորը պետք է ծանոթ լինեն էթիկային։ Սրանք բոլորն այն պատճառներն են, թե ինչու ենք մենք ընդհանուր կրթությանը շատ լուրջ վերաբերվում։ 

 

Այս ամենի հետ մեկտեղ՝ մենք վերակազմակերպել ենք մեր մոտեցումը Ընդհանուր կրթությանը․ համապատասխան բոլոր դասընթացները, դասախոսներին եւ երկրորդական մասնագիտացումները տեղափոխել ենք ֆակուլտետներ։ Միեւնույն ժամանակ, շարունակում ենք վերանայել եւ նոր դասընթացներ նախատեսել Ընդհանուր կրթության ուսումնական ծրագրում ներառելու համար։ Ավելին, մենք Ընդհանուր կրթության ծրագրի նոր ակադեմիական տնօրեն ենք նշանակել, որը սկսել է իր աշխատանքը նախորդ ամառվանից։ 

 

- Ռազմավարական ծրագիրը նաեւ նախատեսում է առաջիկա 5 տարում լրիվ      դրույքով դասախոսական կազմի մասնաբաժինը մոտ 36%–ից հասցնել 50%։ Որո՞նք են այս նպատակին հասնելու հիմնական մարտահրավերները։

 

- Մեր լրիվ դրույքով դասախոսական կազմի զգալի մասն արտերկրից է, քանի որ այստեղ բարձր ենք գնահատում ամերիկյան կամ արեւմտյան համալսարաններում ձեռք բերված ակադեմիական փորձը։ Մեր ռազմավարական ծրագիրը նաեւ առաջնահերթ է համարում օտարերկրյա ուսանողների մասնաբաժնի ավելացումը՝ ներկայիս մոտ 10%-ից հասցնելով մոտ 20–ի։ Ինչպես Դուք եք նշում, այս նպատակներն, իսկապես, որոշակի մարտահրավերներ են առաջացնում։

 

Մեր ռազմավարական ծրագրում ներառված է SWOT վերլուծություն, որտեղ այս մարտահրավերներից մի քանիսը ներկայացված են հնարավորությունների հետ միասին։ ՀԱՀ-ը միջազգային դասախոսների համար առաջարկում է մրցունակ աշխատավարձեր եւ լրացուցիչ սոցիալական փաթեթ, եւ մենք համոզված ենք, որ կարողանում ենք նրանց համար ստեղծել հյուրընկալ եւ նպաստավոր միջավայր։

 

Միեւնույն ժամանակ, գոյություն ունեն «աշխարհաքաղաքական նկատառումներ», որոնք բարդացնում են ուսանողների եւ դասախոսների ժամանումը․ արեւմտյան մամուլում տարածաշրջանի սահմանափակ կամ կողմնակալ լուսաբանման պատճառով շատերը չգիտեն, որ Հայաստանը անվտանգ եւ հաճելի երկիր է ապրելու համար։

 

Բացի այդ, մենք դեռեւս չունենք բավարար հանրակացարանային հնարավորություններ օտարերկրյա ուսանողների համար, ինչպես նաեւ բնակարաններ՝ օտարերկրյա դասախոսներին առաջարկելու նպատակով։ Վերջապես, կան աշխատանքի կամ ուսման համար անհրաժեշտ վիզայի պահանջներ, որոնք պետք է բավարարվեն։

 

- Զարգացման հավակնոտ ծրագրերին զուգահեռ՝ ՀԱՀ-ը նաեւ շեշտում է կրթության մատչելիության պահպանման անհրաժեշտությունը՝ վարձավճարների չափը թողնելով միայն 50%-ը ընդհանուր եկամուտների եւ շարունակական հանձնառությունը «կարիքից անկախ» (need-blind) մոտեցմամբ ընդունելության համար։ Ինչպե՞ս է պատրաստվում համալսարանը պահպանել այս մոդելն այն պարագայում, երբ նախատեսում է գրեթե կրկնակի ընդլայնվել։ 

 

- Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ առաջադրված չափանիշներին համապատասխանող որեւէ հայ ուսանող չպետք է զրկվի ՀԱՀ-ում կրթություն ստանալու հնարավորությունից՝ ուսման վարձը վճարելու անկարողության պատճառով։ Ուստի, մենք առաջարկում ենք լիարժեք ֆինանսական աջակցություն՝ ըստ կարիքի (full-need), եւ կիրառում ենք կարիքից անկախ ընդունելության (need-blind) քաղաքականություն, ինչը հաջողվում է ամերիկյան մասնավոր համալսարանների փոքրաթիվ մասին միայն։ 

 

Այս մոտեցումը նշանակում է, որ ընդունելության որոշումները մենք տարանջատում ենք անհրաժեշտ ֆինանսական աջակցության չափից, եւ ուսանողներին ընդունում ենք բացառապես արժանիքների հիման վրա։ Մեր կրթաթոշակները, հազվագյուտ բացառություններով, կարիքահեն են։ Մենք ուսման վարձից ստացված եկամուտների 26 %–ը վերադարձնում ենք ուսանողներին՝ ֆինանսական աջակցության տեսքով։

 

Այդուհանդերձ, մեր ուսման վարձը ծածկում է ուսանողների կրթության իրական արժեքի ընդամենը 40 %-ը։ Այս բիզնես մոդելը մենք կարողանում ենք պահպանել միայն մեր նվիրված հովանավորների առատաձեռնության շնորհիվ, որոնք տրամադրում են ինչպես տարեկան, այնպես էլ նպատակային նվիրատվություններ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս առատաձեռն նվիրատվությունների եւ մասշտաբային տնտեսումների շնորհիվ վերջին 16 տարիների ընթացքում մեր ուսանողների թիվն աճել է յոթ անգամ։ Ներկայումս մեր շենքերը լիովին զբաղեցված են, եւ այս պահին չունենք հնարավորություններ՝ աճելու եւ բավարարելու պահանջարկը։ Ահա թե ինչու ենք մենք հանձնառու նոր շենքի կառուցմանը։

 

– Վերջերս մամուլում որոշ նյութեր հրապարակվեցին, որոնք ապակողմնորոշող տեղեկատվություն էին պարունակում ՀԱՀ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում դոկտոր Լիլիթ Մակունցի նշանակման վերաբերյալ, այդ թվում՝ պնդումներ, թե նա «նշանակվել է» քաղաքական դրդապատճառներով։ Այս համատեքստում կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչպես է գործում կառավարման համակարգը։

 

– ՀԱՀ Հիմնադրամը (AUAF) համատեղ հիմնադրել են Հայաստանի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ում գործող ՀԱՀ-ի ոչ առեւտրային կազմակերպությունը՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել մեզ գործելու եւ կրթական աստիճաններ շնորհելու Հայաստանի Հանրապետությունում։ Հետեւաբար, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՀՀ-ի հիմնադիր կողմերից մեկը, եւ վերջին 35 տարիների ընթացքում՝ անկախությունից ի վեր, մենք սերտ համագործակցել ենք Հայաստանի բոլոր կառավարությունների հետ։ ՀԱՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են յոթ անդամներ, որոնցից երկուսը ներկայացնում են ՀՀ կառավարությունը։

 

Այո՛, տեսել եմ հայկական մամուլում հրապարակված մի քանի հոդվածներ, որոնք ենթադրում էին, թե դոկտոր Մակունցի նշանակումը ՀԱՀ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում քաղաքական դրդապատճառներ ունի։ Կցանկանայի, որ այդ հրապարակումները պատրաստելուց առաջ պարզապես կապ հաստատեին մեզ հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, ինչպես ընդունված է պատասխանատու լրագրության մեջ, քանի որ մենք կկարողանայինք շտկել նրանց թյուր պատկերացումները։ Այս անդրադարձներում բացակայում է չափազանց կարեւոր համատեքստը։

 

Իրավիճակը առավել բարդացավ այն հանգամանքով, երբ այդ նյութերից մեկը՝ որոշ փոփոխություններով, վերահրապարակվեց Բոստոնի շրջանում գործող սփյուռքի լրատվամիջոցներից մեկում, որը նույնպես մեզ հետ հրապարակումից առաջ կապ չէր հաստատել։

 

Ուստի, շնորհակալ եմ հարցը բարձրացնելու համար, եւ թույլ տվեք առիթից օգտվելով հստակ ներկայացնել փաստերը։ Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀԱՀՀ     -ի հիմնադիրներից է, եւ համաձայն Հոգաբարձուների խորհրդի կանոնադրության՝ խորհրդի կազմ ընդգրկվելու համար կառավարությունն առաջադրում է երկու ներկայացուցիչների։ Սա նոր երեւույթ չէ․ հիմնադրման պահից ի վեր այդպես է եղել։ Դոկտոր Մակունցն այժմ զբաղեցնում է այդ երկու տեղերից մեկը, իսկ մյուսը զբաղեցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար դոկտոր Ժաննա Անդրեասյանը։

 

Այդուհանդերձ, ցանկանում եմ շեշտել, որ դոկտոր Մակունցի առաջադրումը եղել է փոխադարձ որոշում՝ ՀՀ կառավարության, ՀԱՀ վարչակազմի եւ ՀԱՀ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների միջեւ, որոնք միաձայն հաստատել են նրա թեկնածությունը։ Նա առաջադրվել եւ հաստատվել է իր բացառիկ մասնագիտական որակների շնորհիվ՝ որպես գիտնական, որը խորապես հասկանում է թե՛ հայկական, թե՛ ամերիկյան համատեքստերը՝ շնորհիվ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան լինելու իր փորձի։ Մենք շատ բախտավոր ենք խորհրդատվություն եւ աջակցություն ստանալ թե՛ նախարար Անդրեասյանից, թե՛ այժմ նաեւ դոկտոր Մակունցից, եւ շատ երախտապարտ ենք Ամերիկյան համալսարանի զարգացման գործում նրանց ներդրման համար։

 

- Կբացատրե՞ք, թե ինչպես է ՀԱՀ-ում գործնականում կիրառվում «Քաղաքական և կրոնական գործունեությունը ՀԱՀ-ում» ներքին կանոնակարգը     , մասնավորապես՝ ինչպես է համալսարանը խրախուսում քաղաքացիական ներգրավվածությունը՝ միաժամանակ խուսափելով կուսակցական քաղաքական գործունեությունից։

 

– Պարզ փաստն այն է, որ ՀԱՀ-ը, որպես ոչ առեւտրային կազմակերպություն Միացյալ Նահանգներում եւ որպես հիմնադրամ Հայաստանի Հանրապետությունում, չունի եւ չի կարող ունենալ որեւէ քաղաքական կամ կրոնական պատկանել     ություն։ Սա որոշակի բացատրություն է պահանջում։

 

Նախ, կարեւոր է նշել, որ քաղաքականության կամ կրոնի ակադեմիական ուսումնասիրությունը պաշտպանված է ակադեմիական ազատության սկզբունքով, ուստի խնդիրներ կարող են առաջանալ միայն մեր աշխատակիցների կողմից իրականացվող կուսակցական–քաղաքական կամ կրոնական ելույթների դեպքում։ Անգամ դա լայն իմաստով պաշտպանված է, եւ մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին լինել ակտիվ քաղաքացիներ՝ պայմանով, որ նրանք հստակ նշեն, որ խոսում են իրենց անունից, այլ ոչ թե համալսարանի։ Նման թեմաների շուրջ խոսելու պարագայում նրանք չպետք է անգամ թույլ տան, որ ստեղծվի տպավորություն, թե խոսում են համալսարանի անունից, քանի որ, նորից նշեմ՝ ՀԱՀ–ը չունի եւ չի կարող ունենալ որեւէ քաղաքական կամ կրոնական պատկանելություն։

 

Ի դեպ, «Ք     աղաքական եւ կրոնական գործունեությու     նը ՀԱՀ-ում»      մեր ներքին կանոնակարգը      վերջերս որոշակիորեն թարմացվել է՝ վերը նշված դրույթն առավել հստակ դարձնելու նպատակով, եւ լրացվել է հետեւյալ ձեւակերպումը․

 

«ՀԱՀ–ը հաստատում է, որ երբ համալսարանի դասախոսները, աշխատակիցները կամ ուսանողները հանդես են գալիս հրապարակային մեկնաբանություններով՝ անգամ սոցիալական ցանցերի իրենց անձնական էջերում, որտեղ երեւում է նրանց կապը ՀԱՀ–ի հետ, պետք է հասկանալի լինի, որ այդ հայտարարությունները ներկայացնում են միայն նրանց սեփական տեսակետները եւ ոչ համալսարանինը, եթե բացահայտ կերպով հակառակը չի նշվում»։

 

Մենք հուսով ենք, որ հանրությունը այս հանգամանքները հաշվի կառնի, երբ հանդիպի ՀԱՀ համայնքի անդամների հրապարակային հայտարարությունների։ Ժամանակ առ ժամանակ ես տեսնում եմ խմբագրականներ, որոնք, ըստ էության, նշում են․ «Այս կամ այն անձը ՀԱՀ-ից է, եւ այս կամ այն բանն է ասել՝ ինչ սարսափելի է դա»։ Մեզ համար կարեւոր է, որ թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը հստակ հասկանան՝ երբ նրանք տեսնում են, որ ՀԱՀ-ի աշխատակիցները նման հայտարարություններ են անում, պետք է լինի լռելյայն ենթադրություն առ այն, որ այդ աշխատակիցները խոսում են իրենց անունից, ոչ թե համալսարանի։ Քանի դեռ նրանց խոսքը պատասխանատու եւ պատշաճ է (ինչպես սահմանված է Ակադեմիական ազատության եւ պաշտոնավարման վերաբերյալ 1940 թվականի հայտնի հայտարարության մեջ), մենք սատարում ենք նրանց արտահայտվելու իրավունքը, սակայն մենք չենք կարող եւ չպետք է նույնականանանք որեւէ կուսակցական–քաղաքական կամ կրոնական հայտարարության հետ, որը նրանք կարող են անել։

 

– Այս տարի ՀԱՀ–ը նշելու է իր 35–ամյա հոբելյանը։ Ինչպե՞ս եք ծրագրում անդրադառնալ այս կարեւոր իրադարձությանը։ Հետահայաց գցելով անցած ճանապարհին կարո՞ղ եք ասել, թե ՀԱՀ–ի ինքնության որ բաղադրիչներն են ապացուցել իրենց դիմակայունությունը, եւ որոնք ունեն բարելավման կարիք՝ ապագայի մարտահրավերներին դիմակայելու համար։ 

 

–Մեր 35–ամյա հոբելյանը խիստ կարեւոր իրադարձություն է մեզ համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ երկուսն էլ հիմնադրվել են նույն օրը։ Մենք հպարտանում ենք այն հանգամանքով, որ տարիների ընթացքում ճկունություն ենք դրսեւորել Հայաստանի կառավարման եւ արտադրական դաշտերի զարգացող կարիքները բավարարող կրթական ծրագրերի համալրման հարցում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է ինքնությանը, ապա մենք վստահ ենք, որ ՀԱՀ–ը ամենաընդարձակ ու ամենահաջողված ներդրումն է, որ Հայաստանում կատարել է Սփյուռքը անկախացման օրից ի վեր։ Կալիֆոռնիայի համալսարանի համագործակից լինելով՝ ՀԱՀ–ն առաջարկում է արեւմտյան բարձրակարգ կրթություն լիբերալ կրթական ոճով եւ հետխորհրդային տարածաշրջանում ամերիկայն հավատագրում ունեցող միակ համալսարանն է։ Այն առաջինն էր, որը ներկայացրեց հայկական կրթական միջավայրի համար նոր առավելություններ, որոնք բազում են, բայց կնշեմ մի քանիսը․ 

 

-    «ըստ կարիքի» (full-need) եւ «կարիքից անկախ» (need-blind) սկզբունքներով գործող ֆինանսական աջակցությունը՝ միտված այն գաղափարին, որ որեւէ հայ ուսանող չպետք է զրկվի ՀԱՀ–ի կրթությունից վարձավճարի տրամադրման անկարողության պատճառով, 

-    Հանրության համար բաց գրադարան

-    Համընդգրկուն եւ կոլեգիալ կառավարում, այդ թվում՝ Դասախոսական Սենատ, Ուսանողական խորհուրդ եւ Աշխատակազմի խորհուրդ, 

-    Էթիկայի եւ բողոքարկման ընթացակարգեր, ինչպես նաեւ ժամանակակից «whistleblower»-ի` ազդարարի քաղաքականություն, որը Հայաստանում իր տեսակով առաջինն է,

-    Դրամաշնորհային ծրագրերի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ (OSP&TT), որը վերջերս կազմեց հայկական համալսարանի կողմից արտոնագրման առաջին դիմումը։ 

 

Արդեն խոսեցինք համալսարանի ապագայի զարգացման ուղղությունների մասին, որոնք ընդգրկում են ակադեմիական ծրագրերի հարստացում, դոկտորական ծրագրերի մեկնարկ, հետազոտական կարողության ընդլայնում, ոլորտային հավատարմագրումների եւ միջազգային վարկանշավորմանն ուղղված գործընթացներ, պրոֆեսորադասախոսական կազմի եւ անձնակազմի համար կարիերայի զարգացման հնարավորությունների ընդլայնում։ Կարող եմ, իհարկե, շարունակել, բայց թվարկվածը բավարար է, որ պատկերացում կազմեք՝ ինչպիսի մարտահրավերների առջև ենք մենք կանգնած։ 

 

- Մեր նախորդ զրույցում դուք ընդգծեցիք, որ ՀԱՀ–ի առաքելությունը չի սահմանափակվում զուտ կրթությամբ, այլեւ ընդգրկում է պետականաշինությունը։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն մասնագիտական, ինչպես նաեւ մարդկային որակները, որոնց կարիքն այսօր Հայաստանն ամենաշատն ունի, եւ ինչպիսի՞ն է համալսարանի դերը դրանց զարգացման գործում։

 

– Մենք ցանկանում ենք ձեւավորել խոհուն, կրթված ուսանողների, որոնք կնպաստեն Հայաստանի ակադեմիական ջանքերին, տնտեսությանը, արտադրական ոլորտին, ինչպես նաեւ մշակույթին եւ պաշտպանությանը։ Վերջին երկուսը հատկապես նշեցի, որովհետեւ մենք ապրում ենք բարդ ու վտանգավոր աշխարհում, ուստի կարիք ունենք պաշտպանելու մեր սահմանները։ Բայց միեւնույն ժամանակ մենք կարիք ունենք պահպանելու մեր յուրատիպ մշակույթը, որովհետեւ դա այն է, ինչ երկիրը դարձնում է արժանի պաշտպանության։ 

 

Միեւնույն ժամանակ, արմատապես նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են գեներացնող արհեստական բանականությունն ու քվանտային համակարգիչը, հավասարապես խոստանում են եւ ՛ մեծ հնարավորություններ, եւ ՛ լուրջ վտանգներ։ Մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի շրջանավարտներ, որոնք ի զորու են առաջնորդել Հայաստանը տեխնոլոգիական առաջընթացով թելադրված հասարակական փոփոխությունների շեմին։ 

 

Մենք կրթում ենք ուսանողներ, որոնք ունակ են Հայաստանը կապել գլոբալ արժեքային համակարգին  և ամրապնդել մեր երկրի դիրքերը միջազգային շուկայում` երկրի համար կերտելով ինքնատիպ նորարարության, ազատ մտքի ու ժողովրդավարության կենտրոնի համբավ։ Սրանք արժեքներ են, որոնք այսօր չի կարելի անառարկելի համարել աշխարհի այս հատվածում։ Մենք ջանում ենք ձեւավորել այնպիսի շրջանավարտներ, որոնք կօգնեն Հայաստանին առաջ ընթանալ այս բարդ ու վտանգավոր աշխարհում՝ առաջնորդվելով գիտելիքով, փորձառությամբ, վստահությամբ եւ խիզախությամբ։ Ի՞նչը կարող է լինել ավելի կարեւոր։

 

Ուստի, մեր առաքելությունը շատ ավելի ընդարձակ է, քան զուտ ակադեմիական լսարանը՝ սկսած այն աշխատանքով, որ կատարում է ՀԱՀ-ի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի ստեղծման համար, մինչեւ մեր մասնագիտական ու անկախ հետազոտական կենտրոնները, որոնք միտված են Հայաստանի զարգացման համար կարեւոր ոլորտների հետազոտությանը, եւ շատ ավելիին։ Մեր ֆակուլտետներից յուրաքանչյուրն ունի հետազոտական կենտրոն, որոնք էլ իրենց հերթին ակտիվորեն աշխատում են այնպիսի թեմաների շուրջ, որոնք օգնում են բարելավել պետական քաղաքականությունը, հանրային առողջապահությունը, շրջակա միջավայրը եւ այլն։ 

 

Պատասխանս հստակեցնելու համար՝ ցանկանում եմ լսարանից դուրս իրականացվող եւ Հայաստանի զարգացմանը նպաստող մեր աշխատանքի երկու օրինակ բերել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջինը վերաբերում է ՀԱՀ–ի Յակոբեան բնապահպանական կենտրոնի դերակատարությանն ու Հայաստանին աջակցությանը՝ Կենսաբազմազանության COP-17 համաժողովը հյուրընկալելու հարցում։ ԱՄՆ–ի եւ ՀՀ ԱԳՆ–ի կողմից կազմակերպված «Ճանապարհ դեպի COP-17» նախաձեռնությունում Յակոբեան բնապահպանական կենտրոնը հիմնական գործընկեր է։ 

 

Կցանկանայի նշել նաեւ ՀԱՀ–ի «Շարունակական կրթության բաժնի» մասին (անգլ․՝ AUA Extension)։ Սա համալսարանի հավաստագիր շնորհող կրթության բաժինն է, որն առաջարկում է վկայագրերի շնորհման սկզբունքով գործող կրթական ծրագրեր եւ աշխատարաններ՝ հատկապես միտված բավարարելու լայն հասարակության կրթական պահանջները՝ զանազան մասնագիտական ոլորտներով, մասնագիտություններով եւ մասնագիտական ձգտումներով։ Այս ծրագիրը սերտորեն համագործակցում է պետական եւ առեւտրային կազմակերպությունների հետ՝ սահմանելու վերապատրաստման կարիք ունեցող ոլորտները։ Մեր «Շարունակական կրթության բաժինը», ըստ պահանջի, մշակում եւ զարգացնում է դասընթացների լայն շրջանակ՝ ներառյալ լեզուների ուսուցման, թեստավորմանը նախապատ     րաստվելու եւ մասնագիտական զարգացման աշխատարաններ, որոնք յուրաքանչյուր տարի վերանայվում են։ Հայաստանով մեկ գործող մեր մարզային կենտրոնների միջոցով՝ Գյումրի, Գորիս, Կապան, Վանաձոր, Եղեգնաձոր, ՀԱՀ–ի «Շարունակական կրթության բաժինը» հարուստ կրթական ծրագրեր է հասանելի դարձնում մարզաբնակներին, որպեսզի նրանք կարողանան զարգանալ եւ պատշաճ կերպով նպաստել իրենց համայնքների բարգավաճմանը։

 

Այս շարքում շատ այլ օրինակներ կարող եմ նշել։ Կարծում եմ, որ ՀԱՀ–ն արդեն ծանրակշիռ աշխատանք է կատարել ՀՀ ենթակառուցվածքների ստեղծման հարցում եւ Հայաստանի կառավարությունն ու հանրությունը մեծապես գնահատում են համալսարանի դերը։ Միեւնույն ժամանակ վստահ եմ՝ լավագույնը դեռ առջեւում է։ 

 

Այսօրվա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում մենք պետք է զգուշորեն մոտենանք այն հարցին, թե ինչ դիրքում ենք ուզում տեսնել Հայաստանը։ Եվ իմ անձնական տեսլականը Հայաստանի համար իր յուրատիպ տեղադիրքի օգտագործումն է՝ կառուցողական դեր ստանձնելով աշխարհում խաղաղության եւ կայունության վերականգնման գործում։

 

Բրյուս Պողոսյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին