Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
ԱԱԾ հաղորդագրությունում ասվում է.
«Ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի եւ նրա հոտի կողմից մոլորվելու հետեւանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու եւ հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս եւ վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը եւ վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաեւ պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ:
Միջադեպի հետեւանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միեւնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու եւ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: