Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի - Mediamax.am

1414 դիտում

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։

Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։

 

Փաստաթղթում ասված է․

 

«Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

 

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, եւ որպես բարի կամքի դրսեւորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

 

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, եւ որպես բարի կամքի դրսեւորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

 

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին եւ հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արեւելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արեւելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:

 

Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, եւ կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ փոխադարձ վստահության կառուցմանը եւ դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին