Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցության հարցեր:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Սուրեն Պապիկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը տարեսկզբից երկրորդն է, ինչը ցույց է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային փոխազդեցության բարձր մակարդակը:
«Այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության դերը»,- ասել է Պապիկյանը:
«Քննարկելու շատ հարց ունենք: Իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես եւ դուք, համոզված ենք, որ հիմնական կայունացնող գործոնը շփման ամբողջ գծի վրա հրադադարի պահպանումն է»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
















